Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյին՝ հայրենիք վերադառնալուց հետո ցանկանում են կալանավորել
Կիևի Պեչերսկի շրջանային դատարանում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվել է։
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, դատավոր Ալեքսեյ Սոկոլովը նիստը սկսել է մեկուկես ժամ ընդմիջումից հետո, որը հայտարարվել էր, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա գործի նյութերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՈՒՆԻԱՆ-ը՝ Պորոշենկոյի նկատմամբ «ածուխի» գործով խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը սկսվել է ժամը 12:00-ի սահմաններում։
Քննիչը դատարանին առաջարկում է Պորոշենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերադարձել է նիստին, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարց է քննարկվում։
Պորոշենկոն մինչ այդ ելույթ է ունեցել իր կողմնակիցների հանրահավաքում, որը տեղի է ունենում դատարանի շենքի մոտ։ Նա ասել է, որ ճշմարտությունն իր կողմն է, ինչը նշանակում է, որ պետք է «արդար որոշում» սպասել։ Ելույթից հետո պետության նախկին ղեկավարը մտել է շենք։
Երկուշաբթի օրը նախկին նախագահը Վարշավայից ժամանել է Կիև։ Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ցանկացել իրեն թույլ տալ մտնել երկիր։ Պետական սահմանային ծառայությունն այդ հայտարարությունը սպեկուլյատիվ է գնահատել:
Այժմ Պորոշենկոն կասկածյալի կարգավիճակ ունի պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներից ածուխ մատակարարելու մեղադրանքով։