Ստեղ մեկը կա, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի՝ ես Թուրքիայի ազդեցության գործակա՞լ եմ. Ռուբեն Ռուբինյան
«Հատուկ բանագնացի մասին հայտարարել է Չավուշօղլուն և միայն հաջորդ օրն է ՀՀ ԱԳՆ-ն այն հաստատել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ արձագանքելով մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե հանրությունը ոչ մի գործընթացի մասին Թուրքիայից չի տեղեկացել, այլ դրա մասին ՀՀ իշխանություններն առաջինն են հայտնել:
Խամոյանը պարզ հարց հնչեցրեց, թե ի՞նչ է նշանակում Հայաստան-Թուրքիա բանագնացների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ առկա «դրական» և «կառուցողական» եզրույթները, ինչը Ռուբեն Ռուբինյանին վրդովվեցրեց, թե ի՞նչ հարցեր է հնչեցնում ընդդիմությունը:
«Որովհետև մենք դրա դառը փորձն ունենք, Նիկոլ Փաշինյանն արցախյան խնդրի կարգավորման ժամանակ Իլհամ Ալիևի հետ ծանոթությունից հետո հայտարարում էր, որ դրական և կառուցողական մթնոլորտում են անցնում հանդիպումները, նա ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք: Հիմա դուք Թուրքիայի հետ հարաբերությունները նույն սկզբունքով ու տրամաբանությամբ եք փաթեթավորում»,- ասաց Խամոյանը:
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու հարցին՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ վերջինիս ԱԺ փոխխոսնակ ընտրվելու ժամանակ խոսել էր Թուրքիայում իր ուսումնառության, պրակտիկայի մասին:
«Այն ժամանակ այս դահլիճում խոսք գնաց, Ռուբինյանի՝ ազդեցության գործակալ լինելու մասին, այն մասին, թե ինչպես ստացվեց, որ իշխանափոխությունից անմիջապես առաջ Ռուբինյանը Թուրքիայում էր գտնվում»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և պնդեց, որ նման հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները:
Կին պատգամավորը հերքեց նաև ԱԳՆ-ի պարզաբանումը, թե ՌԴ-ի միջնորդությամբ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցել, քանի որ Էրդողանը նախորդ տարվա աշնանը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանի խնդրանքով իրեն միջնորդել է հանդիպել վերջինիս հետ:
«Ես բավականին համբերատար, գուցե նաև բարեհամբույր մարդ եմ: Ես ճիշտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ»,- նիստերի ընդմիջումից հետո արտահերթ ելույթում հարցրեց Ռուբեն Ռուբինյանը և հավելեց. «Ուրեմն ուշադիր լսեք ինձ, տիկին Խամոյա՛ն, ու ձեր ամբողջ խմբակցությունը, ստեղ որևէ մեկը կա, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի, որ ես ազդեցության գործակա՞լ եմ: Այդպիսի մարդ այստեղ չկա ու չի կարող լինի, քանի որ այն լիապես անհիմն պնդում է։ Եւ երկրորդը՝ ի պատասխան դրա, ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, ամբողջ բարեհամբուրությունը և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ»:
Ագնեսա Խամոյանն էլ արձագանքեց, թե թող Ռուբինյանը փորձի:
Ռուբինյանն էլ պատասխանեց, որ կփորձի և ավելացրեց. «Ու սրանից հետո իմ հետ դու-ով չխոսաս, հանգստացեք բոլորդ ու իմացեք, թե ինչ եք խոսում ու ում մասին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը և դիմեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին՝ խմբակցության անդամին կարգի հրավիրելու պահանջով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան