Վանեցյան. Հավատացեք, Գրիգորի Հայրապետովը բարձրաձայնած կլիներ
«Հավատացեք, եթե Գրիգորի Հայրապետովն ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, դրա մասին բարձրաձայնած կլիներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Լրագրողները նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է որևէ ինֆորմացիա իրեն փոխանցել է նաև իր ընկեր Գրիգորի Հայրապետովը, ով Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպման միակ ականատեսն էր։
Նա ցավ հայտնեց Հայրապետովի մահվան կապակցությամբ, նշեց, մինչ այդ չի լսել, որ նա առողջական խնդիրներ է ունեցել։
«Ինձ համար նրա մահը ցավալի է, ողբերգական, բացի այն բանից, որ մենք իրար հետ երկար տարիներ աշխատել ենք, նա նաև իմ ընկերն է, ես առիթ եմ ունեցե ասելու՝ բացառիկ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդ է»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանը նշեց, որ վերելակային հանդիպումը մի քանի վայրկյան է տևել, «վերելակային բանակցությունն» էլ պետք է դիտարկել այլ համատեքստում։
«Դուք այն դիտարկեք գործընթացների մեջ՝ լայն առումով, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական ու կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու համար»,-նշեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ թշնամին Հայաստանի սուվերեն տարածք է ներխուժել, զինվորներ են զոհվում, գերեվարվում, մինչդեռ իշխանությունները Ադրբեջանի հասցեին որևէ մեղադրանքներ չեն հնչեցնում։