Արտակ Բեգլարյան. Արցախում հունվարի 1-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են
Արցախի 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվել է առողջապահական ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել 23.6 տոկոսով՝ հասնելով 15.5 մլրդ դրամի։ Այսօրվա ասուլիսում նման տվյալներ հրապարակեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Մեր ծրագրերը շարունակելու ենք, նաև նոր ծրագրեր ենք նախատեսում։ Ինչպես տեղյակ եք, նախագահի կողմից հայտարարվել է՝ հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ անվճար է դարձել առողջապահությունը։ Այսինքն, վճարովի որևէ ծառայություն չկա, եթե բժշկական ցուցում կա»,-նշեց արցախցի պաշտոնյան։
Նրա խոսքով, առողջապահության ոլորտում սկսել են բարեփոխումներ, որոնց նպատակը ոլորտի կառավարման, ինչպես նաև առկա ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումն է։
«Կարծում եմ՝ տարվա վերջին բավականին լավ նորություններ կունենանք տարին ամփոփելու համար»,-նշեց Բեգլարյանը։
Պետնախարարը հայտնեց, որ 16.7 տոկոսով ավելացել են կրթության ոլորտին հատկացված գումարները՝ հասնելով 17 մլրդ 330 մլն-ի։
«Այս բյուջեով նախատեսվել է ուսուցիչների, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում միջինը 20 տոկոսով։ Բացի այդ, մեկնարկելու են նաև նոր ծրագրեր, առկա ծրագրերը շարունակվելու են»,-ասաց նա։
Բեգլարյանը որպես օրինակ նշեց՝ դպրոցներում շարունակվելու է երկարօրյա ծրագիրը, արդեն 14 դպրոց անցել է այդ ռեժիմին։ Այս տարի նախատեսում են, որ ևս 34 դպրոց կանցնի դրան։
Բարձրագույն կրթությունն Արցախում կշարունակի անվճար մնալ, որոշակի խմբագրումներ են արվել, որակի բարելավման, ավելի ուժեղ վերահսկողության ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։
«Կարծում եմ այս տարի արդեն կկարողանանք ռազմավարական ու ինստիտուտցիոնալ բարեփոխումներ մեկնարկել կրթության համակարգում, կրկին տարեվերջին նորություններ կունենանք։ Լավ նորություններից մեկն էլ այն է, որ նախատեսում ենք սեպտեմբերին Արցախում հիմնել Անանիա Շիրակացի միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալաիրի մասնաճյուղն է լինելու, նրանց ուղիղ կառավարման տակ է լինելու»,-ասաց Բեգլարյանը։
Պետնախարարը նշեց, որ Արցախում նախատեսում են ինստիտուտցիոնալ բարեփոխումներ կրթության որակի ստուգման և բարելավման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին