Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ կառավարության կարմիր գիծը չէ. Գեղամ Մանուկյան
«Տպավորություն կա, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին օժտում են անձեռնմխելիության ևս մեկ շերտով, ասելով՝ հանկարծ Ռուբինյանին չքննդատեք, որովհետև ինքը բանագնացն է»,-ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատագամովր Գեղամ Մանուկյանը:
Նա նկատեց, որ ՔՊ պատգամավորներն ասում են, որ բանագնացին չպետք է քննադատել, չպետք է բարձրացնել այդ կարևոր առաքելությանը նրա նշանակման հարցը, չպետք է դիտարկել, թե նա ինչ օրակարգով է Թուրքիայի հետ բանակցություններ վարում:
«Քննադատելո՞վ է, որ Ռուբեն Ռուբինյանը պաշտպան է դառնում բանակցությունների ժամանակ, թե՞ այն հանգամանքով, որ Սերդար Քըլըչը մինչև ՀՀ ներկայացուցչի հետ հանդիպումը, հանդիպում է ունենում թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և այդ հանդիպման փաստով է ներկայանում բանակցությունների»,-հայտնեց պատգամավորը:
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանն անձնապես չի քննադատվում, թեև կարելի էր նաև անձնապես քննադատել, քանի որ նախորդ նիստին պարզ էր դարձել, որ նման նյարդային անկայուն համակարգով չի կարելի նման կարևոր բանակցային պրոցեսին մասնակցել:
Ըստ պատգամավորի՝ քննադատվում են այն բոլոր գործողությունները, որի արդյունքում հիմա Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններում ներկայացնու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մինչև հիմա չկա Ռուբինյանի որևէ կարգավիճակ՝ բացառությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ շաբաթ ուշ երեկոյան տված հայտարարությունից»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը և նկատեց, որ նշանակման հրամանագիր, որոշում, կարգադրություն չկա:
Մանուկյանը բարձրացրեց նաև Ռուբինյանի լիազորությունների շրջանակի հարցը:
«Ռուբեն Ռուբինյանը քննադատվում էր ոչ թե ԱԺ բյուջեի հաշվին գնալու, այլ, որ ՀՀ ԱԺ փոխնախագահի գործուղումը ձևակերպվում է ԱԺ նախագահի կարգադրությամբ, արդյունքում՝ ստացվում է, որ Թուրքիայի հետ բանակցում է Հայաստանի խորհրդարանը»,-շեշտեց Գեղամ Մանուկյանը և նկատեց, որ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ կառավարությունը, ո՛չ ՀՀ նախագահը իրավական գործողություն չեն անում:
Հարց բարձրացնելով, թե արդյո՞ք կան հստակ կարմիր գծեր, սահմանափակումներ, որոնց շրջանակներում Ռուբինյանը թուրքիայի հետ այդ բանակցություններում ներկայացնում է՝ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց 2010 թվականի ՍԴ որոշումը, որում հստակ գծվել է ՀՀ-ի կարմիր գծերը, ըստ որոնց՝ արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և ՀՀ հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, որում ամրագրված է, որ ՀՀ-ն սատար է կանգնելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ այդ կարմիր գծերի մասին «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-ում հարց էր ուղղել կառավարությանը, ինչին պատասխանել էին, որ հարցը գրավոր ներկայացվի, իսկ ի պատասխան գրավոր հարցման կառավարությունն ասել էր, որ այդ կարմիր գծերը վերաբերում են միայն ցյուրիխյան արձանագրություններին:
«Հայաստանը սատար է կանգնում Օսմանյան թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը» հռչակագրի դրույթը ՀՀ կառավարության համար կարմիր գիծ չէ»,-կառավարության պատասխանից եզարակցրեց Մանուկյանը:
Անդրադառնալով թուրքական ազդեցության գործակալների խնդրին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը խորհուրդ տվեց հիշել, թե որ կառույցներն են դատապարտել ՀՀ ԳՇ հայտնի հայտարարությունը և փաստեց , որ այն արել են միայն ՀՀ կառավարությունը և Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց օրենք, որով քաղաքացիներին պարտադրեց 300,000 դրամը գերազանցող պարտքը իր ազգականին տալ բանկերի միջոցով
- Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին