Համաշխարհային բանկը խոսել է ամենաաղքատ երկրների դեֆոլտի սպառնալիքի մասին
2022 թվականին աշխարհի ամենաաղքատ երկրները ստիպված կլինեն կտրուկ ավելացնել վարկատուներին վճարումները, ինչը մեծացնում է դեֆոլտի առաջացման ռիսկը։ Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկը, գրում է Գազետա․ռու-ն։
Ընդհանուր առմամբ, ցածր եկամուտ ունեցող 74 երկիր պետք է վճարի 35 մլրդ դոլար, ինչը 2020 թվականի համեմատ գրեթե կիսով չափ ավելի է (+45%)։
Պետական դեֆոլտի գլխավոր թեկնածու նշվել է Շրի Լանկան։ Դեֆոլտի ռիսկով նրան հաջորդում են Գանան, Սալվադորը և Հոնդուրասը։
Համաշխարհային բանկի փորձագետները նշել են, որ աշխարհն այժմ գտնվում է պարտքային ճգնաժամի շեմին, քանի որ համավարակի ժամանակ խոցելի երկրները գումարներ են վերցրել կապիտալի շուկաներից՝ միջազգային կազմակերպություններից գումար վերցնելու փոխարեն։
«Վճարումների կտրուկ աճը տեղի է ունենում հենց այն պահին, երբ աղքատ երկրները դրա համար ռեսուրսներ չունեն։ Իրավիճակից օգտվելու վարկատուների ցանկությունն ի սկզբանե մեծացրել է դեֆոլտի ռիսկը»,- ասել է կազմակերպության նախագահ Դեյվիդ Մալպասը: