Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը. Աբրահամյան
«Հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, գործընթաց է տեղի ունենում առանց նախապայմանների, չի համապատասխանում իրականությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացների մասին հարցերին:
Նրա խոսքով, այս իշխանության 3-4 տարիների ողջ քաղաքական կյանքը ցույց է տվել, որ իրականության մեջ ճշմարտությունը, անկեղծությունը բացակայում է, իշխանությունն ասում է մեկ բան, իրականացնում լրիվ այլ բան և ակնկալել, որ այս պայմաններում իշխանությունը կարող է այս դեպքում ճշմարտությունը մատուցել, որևէ ձևի տրամաբանական չէ: Տ.Աբրահամյանն ընդգծեց, որ նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են թուրք պաշտոնյաները, Թուրքիայի նախագահ Էրդողանը:
«Իշխանությունը երեկ նաև փորձում էր համոզել, որ իրենք երբևէ հայ-թուրքական գործընթացի հետ կապված որևէ բան չեն թաքցրել: Բայց իրականության մեջ թուրքերի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին իմացանք այն ժամանակ, երբ Էրդողանը խոսեց այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում, և մենք այդ ժամանակ իմացանք, որ կա նաև վրացական միջնորդություն այս գործընթացում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով, Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե վերհիշեք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, կտեսնեք գլխավոր քաղաքական օրակարգերը, արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում որպես ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը մնալ:
Այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են, կա իրավիճակից պլստալու հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն և դրանք, ցավալիորեն, այսօր առաջին պլանում են, երկրորդում են այն կարևորագույն հարցերը, որոնք վերջին 3 տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ, թքած ունենալով կարևոր արժեքների վրա, գնում են ավելի լավ ապրելու ճանապարհով։
«Եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տրվի, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք արտահայտվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կամ գոյություն չունի, կամ Հայաստանի մի մասը, Արցախը, գտնվում են ադրբեջանա-թուրքական վերահսկողության ներքո», - ասաց Տիգրան Աբրահամյան
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը. Աբրահամյան
- Երբեք, երբեք մի համեմատեք Գերմանիա-Իսրայել ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները․ Էլիբեգովա
- Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
- Իշխանության նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը». Աբրահամյան
- Տեղում ադրբեջանցիների կողմից առևանգված հովիվի միջադեպը ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության խոցելիությունը. Աբրահամյան
- Միակ հարցը, որով Ալիևը հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է. Աբրահամյան
- Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ Փաշինյանի ներկայությունն այս կարգավիճակում նորանոր պարտություններ է բերելու