ՊՇՌ թեստ - մենյու
Առողջապահության նախարարի հրամանով՝ Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվելու է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով կամ պատվաստման հավաստագրով։
Սննդի կետերի աշխատողների մեծ մասը վստահ է, որ այս սահմանափակումը բացասաբար կազդի ռեստորանային բիզնեսի վրա, քանի որ համավարակի, պատերազմի պատճառով եղան ռեստորաններ, սրճարաններ, որոնք փակվեցին, մարդիկ մնացին գործազուրկ, իսկ հիմա փորձում են կամաց-կամաց ոտքի կանգնել, սակայն կառավարության այս որոշումից հետո կրկին խնդիրների առաջ են կանգնելու։
Ռեստորանի սեփականատերերը նաև չգիտեն՝ ինչպես են իրենք ապահովելու այդ պահանջի կատարումը։
«JanPho» ռեստորանի սեփականատեր Խորեն Հարությունյանը կարծում է, որ դա վատ որոշում է, քանի որ համավարակից ու պատերազմից հետո նոր-նոր սկսել են ոտքի կանգնել։
«Փաստորեն այս որոշումով ամբողջ բեռը նորից թողնում են մասնավոր վրա։ Չգիտեմ ինչպես են մտածում, երևի պետությունը չի կարողանում այդ կարգ ու կանոնը մտցնել ու նորից հույսը դնում է մասնավորի վրա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խորեն Հարությունյանը։
Նա նաև չի պատկերացնում, թե վերահսկողությունն ինչպես են իրականացնելու։
«Պատկերացրեք, որ մեկը ձեր տուն հյուր գա և դուք ասեք՝ եթե թեստ չի հանձնել կամ պատվաստված չէ, ուրեմն թող հեռանա։ Իրականում մեր չնչին եկամուտը գալիս է հիմնական հաճախորդներից, բայց եթե նրանք պատվաստված չեն, մենք մեր այդ հաճախորդներին կորցնելու ենք»,- ընդգծեց Խորեն Հարությունյանը։
«JanPho» ռեստորանը բացվել է 2021 թվականի մարտին։ Սեփականատիրոջ խոսքով՝ համավարակից, պատերազմից հետո փորձել են նոր բիզնես սկսել, աշխատատեղեր բացել, տնտեսությանը նաև իրենց աշխատանքով օգնել, բայց փաստորեն պետությունը նորից խնդիրներ է ստեղծում ռեստորանային բիզնեսի համար։
Այդուհանդերձ, Խորեն Հարությունյանը հույս ունի, որ կառավարության հետ կփորձեն կոմպրոմիսի գնալ։
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին չի ցանկանում այդ թեմային անդրադառնալ, քանի որ թատերահամերգային կազմակերպությունների տնօրենների խորհրդով այդ հարցով արդեն իսկ դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն։
«Կարծում եմ՝առաջիկայում հանդիպում կունենանք, որի ընթացքում կբարձրաձայնենք մեզ անհանգստացնող բոլոր հարցերը, որից հետո կտեսնենք, թե ինչպես են դեպքերն ընթանում ու նոր միայն դրանից հետո կխոսենք»,- ասաց Վարդան Մկրտչյանը՝ միաժամանակ հավելելով, որ մեծ ակնկալիք ունեն այդ հանդիպումից։
ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ չի պատկերացնում, թե որոշման ուժի մեջ մտնելուց հետո ինչպես է այդ վերահսկողությունն իրականացվելու։ Ըստ նրա՝ այս հարցում ևս պետությունը հույսը դնում է մասնավորի վրա, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։
Նրա խոսքով՝ որևէ մեկը դեմ չէ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացվեն, սակայն պետք է ամեն քայլը հաշվարկել, որ դրանից առանց այն էլ տուժած բիզնեսն էլ ավելի չտուժի։
Գագիկ Մակարյանը նաև այն կարծիքին է, որ առաջին հերթին խիստ վերահսկողություն պետք է լինի հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում, որտեղ գրեթե դիմակով մարդիկ չկան։ «Այսօր վարակվելու համար ամենառիսկայինը ոչ թե ռեստորաններն են, այլ տրանսպորտն ու խանութները։ Ինչո՞ւ այստեղ խիստ մոտեցում չկա, մարդիկ ամեն օր տրանսպորտից են օգտվում, խանութներից առևտուր են անում, իսկ սրճարաններ ոչ միշտ են գնում»,- նկատեց գործատուների միության նախագահը։
Նրա խոսքով՝ սահմանին ևս հսկողությունը պետք է ուժեղացնել՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Մինչդեռ, ըստ նրա, շատերը գալիս են Հայաստան ու նոր միայն թեստ են հանձնում, որի պատասխանը մի քանի ժամ հետո են իմանում, իսկ մինչև այդ բազմաթիվ մարդկանց հետ են շփվում։
Գագիկ Մակարյանը կարծում է, որ այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո սրճարանները, մշակութային կենտրոնները զգալի կորուստներ կունենան։
Նա նաև չի բացառում, որ հանրային վայրեր չթողնելու համար վեճեր առաջանան։ Այսինքն, ըստ նրա, այստեղ կրկին թիրախում են լինելու ռեստորանի սեփականատերերը։
«Հասկանալի է, որ ամբողջ աշխարհում այս կարգը գործում է, բայց պետք է ուսումնասիրել, խնդիրները վեր հանել, հետո նոր միայն այն կիրառել մեր երկրում։ Պետությունը հայտարարում է, որ հանրային առողջությունն է կարևոր, սակայն պետք է քայլերի հերթականությունը ճիշտ լինի»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան