Ալիևը ոգևորված է Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից. Անդրանիկ Թևանյան
«Մեր երկրի հյուսիս-արևելյան հատվածում օրերս տեղի ունեցած ռազմական բախման հետևանքով ունեցանք 3 զոհ։ Ալիևը մեղքը բարդեց Հայաստանի վրա։ Ի պատասխան՝ Հայաստանից հնչում է՝ «մեզ ամուր նյարդեր են պետք՝ խաղաղության դարաշրջան բացելու համար» տխրահռչակ ձևակերպումը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա նշեց, որ, փաստորեն, ամուր նյարդերը Հայաստանի քաղաքացիներին պետք են զոհվելու կամ անվտանգության կորստին ըմբռնումով մոտենալու համար:
Ա. Թևանյանի խոսքով, որքան օպերատիվ ու աղմկոտ էր Փաշինյանը ղազախական գործընթացների ժամանակ, որտեղ, ի դեպ, զուտ ձևական դերակատարում ուներ, նույնքան դանդաղկոտ ու լուռ է նա Ալիևի քայլերին արձագանքելիս, շատ հաճախ այդ արձագանքը նույնիսկ բացակայում է։
«Ալիևն օգտվում է Երևանի, այսպես ասած, ամուր նյարդերից ու անցնում գրոհի՝ օգտագործելով ուլտիմատումների ու շանտաժի լեզուն։ Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրականացնել ատրճանակի փողի տակ։ Դատելով ամենից՝ Երևանը դեմ չէ, քանզի ամուր նյարդերի տեսությամբ է առաջնորդվում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ասաց, որ նույնն է պատկերը նաև Արցախի հետագա ճակատագրի մասով. «Ալիևը, թերևս ոգևորված Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից, հարցը համարում է փակված ու Երևանից պահանջում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմի մեջ՝ հակառակ դեպքում սպառնալով գրավել Զանգեզուրը, Սևանա լիճը, Երևանը։ Պաշտոնական Երևանը կրկին լռություն է պահպանում։ Ավելի ճիշտ՝ Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի «իրավունքները» Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը։
Ալիևը խոսում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին, իսկ Փաշինյանը հիմնավորում է, որ, իբր, «էն գլխից» էլ Ղարաբաղը տված պրծած էր, պարզապես իր մեղքն այն է եղել, որ ինքն այն հանձնել է ոչ թե թղթով, այլ արյամբ։ Ահա այսպիսի հեռակա փոխըմբռնում է արձանագրվում Արցախի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։
Եվ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող միջնորդներն են հայտարարում, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ և չի կարելի հայ-ադրբեջանական սահմանագծման աշխատանքները կապել Ղարաբաղի հարցի հետ»։
Այս պայմաններում, ըստ նրա, բնական է, որ Արցախի խորհրդարանից պետք է ռեակցիա լիներ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ, և այդ ռեակցիան եղավ, ինչը ողջունելի է։
«Հայաստանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Շատ ավելի ծանր, քան 2020-ի նոյեմբերի 9-ին։ Եթե այն ժամանակ մարդիկ շոկ ապրեցին ու դուրս եկան փողոց, ապա հիմա արտագաղթում են կամ ինքնաօտարվում պետությունից։ Այս պահի գլխավոր խնդիրը, հետևաբար, հասարակական-քաղաքական լայն համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է։
Դա է Հայաստանի փրկության գլխավոր նախապայմանը»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ
- Անդրանիկ Թևանյան. Նիկոլը Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի