Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Դատավորը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը դատարանին է ներկայացրել ԱԺ նախագահի գրությունը, որի համաձայն, ԵԽԽՎ հերթական նստաշրջանին մասնակցելու նապատակով գործուղումը տեղի է ունենալու հունվարի 23-29-ը։
Դեռևս դեկտեմբերին Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ հունվարի 24-28 տեղի է ունենալու ԵԽԽՎ նստաշրջանը և խնդրել նշված օրերին դատական նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը վերացնել։ Պաշտպանը նշել էր, որ Գևորգյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի նիստերին, և հիշեցրել պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, սակայն դատարանը գտել է, որ Գևորգյանը կարող է առցանց մասնակցել նստաշրջանի աշխատանքներին և մերժեց պաշտպանի միջնորդությունը։
Բացի այդ, հունվարի 25-ին նախատեսվում է սույն գործով հերթական դատական նիստը, որին, ըստ դատավորի, Գևորգյանի բացակայությունն անթուլյատրելի է։
Գևորգյանն, իր հերթին, արձագանքեց, որ չմեկնելու դեպքում ինքը պետք է առցանց մասնակցի նստաշրջանի աշխատանքներին և կրկին չի կարող ներկա գտնվել դատական նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը
- Արմեն Գևորգյան. Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց