Գերմանիա. Ուկրաինայի դեմ նոր ագրեսիան թանկ կարժենա Ռուսաստանի համար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հույս է հայտնել, որ Ուկրաինայի առնչությամբ խնդիրները Ռուսաստանի հետ կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն զգուշացրել է, որ Մոսկվան կտուժի, եթե նրա զորքերը ներխուժեն Ուկրաինա:
«Յուրաքանչյուր հաջորդ ագրեսիվ գործողություն Ռուսաստանի համար թանկ կարժենա տնտեսական, ռազմավարական և քաղաքական առումներով», - ըստ «Ամերիկայի ձայնի», ասել է Բերբոքը երկուշաբթի օրը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվայի և արևմտյան երկրների միջև Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տասնյակ հազարավոր զինվորականների տեղակայման շուրջ բանակցություններն ավարտվեցին անարդյունք։
Լարվածությունն ավելի է սրվել Ուկրաինայի կառավարական կառույցների դեմ կիբերհարձակումից հետո, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին։
Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան և Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ վերսկսելու քառակողմ խաղաղ բանակցությունները Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտի շուրջ՝ այսպես կոչված նորմանդական ձևաչափով, որի մասնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները բազմիցս վստահեցրել են Կիևին, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի առանց նրա մասնակցության և համաձայնության։
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կուլեբան շնորհակալություն է հայտնել Գերմանիային «սկզբունքային դիրքորոշման համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան