Արթուր Ղազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի մասնակիցներից պահանջել QR կոդ կամ թեստի բացասական արդյունք
Հունվարի 22-ից ուժի մեջ է մտնում QR կոդերով հանրային վայրեր այցելելու առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանը: Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից հետաքրքրվեց, թե որևէ գնահատում արվել է՝ ինչպիսի՞ ադեցություն կունենա տնտեսության վրա, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի, ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա է այդ սահմանափակումն ուժի մեջ մտնում, քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազում են:
Առողջապահության փոխնախարարը նախ ասաց, որ թվերի նվազման միտումը չի պահպանվում, բավականին մեծ արագությամբ աճ է նկատվում և ոչ միայն Հայաստանում, նաև տարածաշրջանում, եվրոպական երկրներում կապված նոր շտամի հետ, որն ավելի արագ է տարածվում քաղաքացիների շրջանում, վտանգավոր է հենց նրանց համար, ովքեր պատվաստված չեն:
«Կարծում ենք, որ այս կարգավորումը ժամանակին է, ժամանակավրեպ չէ, նպաստելու է մեր քաղաքացիների շրջանում ոչ միայն պատվաստումների թվի ավելացմանը, նաև նպաստելու է ավելի անվտանգ միջավայրեր ունենալուն»,- ասաց Լ.Նանուշյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության տարածումը բոլոր երկրների տնտեսությունների վրա բացասական ազդեցություն է ունենում:
Ա.Ղազինյանը նախ արձագանքեց, որ դեռևս չի հանդիպել փաստական որևէ հաստատված տվյալի այն մասին, որ մարդիկ, ովքեր պատվաստված չեն, չեն վարակվում: Նա նշեց, որ մարդկային կուտակումները շատ ավելի վտանգավոր են հանրային տրանսպորտում և տրամաբանական չէ, որ սրճարաններում, որտեղ սեղանները հեռավորության վրա են տեղադրված, ավելի վտանգավոր են:
Նանուշյանն ասաց, որ աստիճանաբար են իրականացվում կարգավորումներն ու դրանք քննարկման մեջ են. «Հանրային տրանսպորից օգտվող անձինք այն մարդիկ են, ովքեր աշխատանքի են գնում, կամ այլ վայր են գնում ու, եթե մենք այդ վայրերում սահմանում ենք կարգավորումներ, ապա տրանսպորտի անվտանգության հարցն ու դիմակի կրման պարտադիր պահանջը նվազեցնում են վարակման ռիսկը»:
Արդեն ելույթի ժանանակ Արթուր Ղազինյանը ասաց, որ առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ. «Այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը պարտադիր ներկայանան QR կոդով կամ թեստի բացասական արդյունքով: Կարո՞ղ եք դա անել: Խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի վրա է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց»:
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՇՌ թեստ - մենյու
- Հունվարի 22-ից չպատվաստվածներն ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողները չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր