Չեն կարող լինել իշխանության սրտի համար հաճելի և տհաճ ընդդիմադիրներ. Արթուր Ղազինյան
«Հարցին փորձենք հումորով վերաբերվել, լուրջ վերաբերվելը շատ դժվար է, քանի որ և իրավական և քաղաքական և ժողովրդավարական ոչ մի կանոնակարգման մեջ օրենքի նախագիծը չի տեղավորվում, որովհետև չի լուծում խնդիրը, որը դրաված է հեղինակի առաջ»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ելույթ ունենալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ:
Ըստ նախագծի՝ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Արթուր Ղազինյանը նկատեց, որ նախագիծը իրեն հիշեցրել է ժամանակին հայտնի սիթքոմի վիպոյանական օրենքները:
«Քաղաքական շանտաժի մեթոդներով փորձեցին ասել՝ փոխեք թեկնածունին, տեսան այն չի աշխատում, հիմա փոձում են օրենքի ուժով ստիպեն, որպեսզի փոխեն թեկնածուին»,-հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածուի պաշտոնին ՔՊ-ի կողմից մեկ տասնյակը գերազանցող մերժում ստացած ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Չի կորղ լինել իշխանության սրտի համար հաճելի և տհաճ ընդդիմադիրներ, սա քաղաքական համակարգի նկատմամբ իշխող մեծամասնության վերաբերմունքն է»:
Արթուր Ղազինյանը նկատեց, որ իշխող մեծամասնությունը ստանձնում է պատասխանատվությունը սահմանադրական կարգի պահպանման համար, որը ենթադրում է սեփական, թիմային, անձնակական, կլանային, ղեկավարական քմահաճույքներին տուրք չտալ, այլ առաջնորդվել պետականակենտրոնության սկզբունքով:
«Պետք է ասել, որ որքան էլ չենք ընդունում այսինչ թեկնածուին, բայց մենք ունենք հարգանք քաղաքական համակարգի, Սահմանադրության նկատմամբ, որտեղ իրավական և ժողովրդավարական պետությունը համարվում է հենասյունային, հետևաբար պետք է ապահովենք անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի ընդդիմության թեկնածուն ընտրվի»,-հայտնեց պատգամավորը և նկատեց. «Եթե նախօրոք որոշել եք գնալ ձեր սրտի ընդդիմադիրների և չընդունված ընդդիմադիրների, ապա նախօրոք մի ցուցակ հրապարակեք, մի մասում գրեք նրանց անունները ում կհանդուրժեք, մյուսում՝ ում չեք հանդուրժի»: