Սահմանափակում չեմ դրել պարոն Ղազինյանի վրա. Վիլեն Գաբրիելյան
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի համաձայն՝ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ օրենքն ունի բաց, մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ, իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, հանձնաժողովի մեծամասնությունը չի ընտրում, կանոնակարգը չի կարգավորում այս խնդիրը, առաջանում է իրավունքի բախում, մասնավորապես, իրավասու խմբակցության՝ օրենքով ամրապնդված թեկնածու առաջադրելու իրավունքը և ԱԺ պատգամավորի՝ սահմանադրությամբ ամրապնդված ազատ ընտրության իրավունքը:
««Հայաստան» դաշինքը բազմիցս նույն թեկնածուին առաջադրելով, օգտվելով օրենքի բացից, փորձ է անում ստիպել պատգամավորին պարտադրված ընտրություն կատարել: Այս բացը չկարգավորելու պարագայում նույն խնդիրը կարող են ունենալ ԱԺ բոլոր հանձնաժողովները և ողջ գումարման ընթացքում տվյալ հանձնաժողովը կարող է չունենալ նախագահի տեղակալ:
Նախագծի լրացումն ընդունելուց հետո ակնկալվում է տվյալ խնդրի կարգավորում, կապահովի մշտական հանձնաժողովի բնականոն աշխատանքը»,- նշեց նախագծի հեղինակ Վ. Գաբրիելյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց՝ ինչո՞ւ կառավարող խմբակցությանը հնարավորություն տալ ճնշում գործադրել փոքրամասնության վրա, այսինքն պարտադրել իրենց նախընտրած թեկնածուին:
Վ.Գաբրիելյանը հակադարձ հարց տվեց՝ իսկ ինչու է օրենքի բացով փոքրամասնությանը հնարավորություն տրվում մեծամասնությանը ստիպել ընտրել այն մարդուն, ում մեծամասնությունը չի ուզում:
«Իմ մեկնաբանմամբ, տվյալ պարագայում նոր թեկնածու առաջադրելը բացարձակապես չի նշանակում, որ նույն մարդը ևս մեկ անգամ չի կարող առաջադրվել: Փաստացի, սահմանափակում չեմ դրել պարոն Ղազինյանի վրա: Նոր թեկնածուն նշանակվում է հաջորդ առաջադրման համար, այսիքն եթե մի անգամ չի ընտրվել, մյուս անգամ ուրիշ մարդ է առաջադրվում, ևս չի ընտրվում, կարծում եմ, պարոն Ղազինյանի հնարավորությունն այս տեսանկյունից բաց է, հանդիսանալու է նոր թեկնածու»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ տեխնիկական խնդիր է, զուտ սա են լուծում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին