Տեղական արտադրողները կրկին կանգնեցին փաստի առաջ․ արդյոք բիզնեսը նորից կվստահի պետությանը
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո ստացվեց այնպես, որ տեղական արտադրողները կրկին կանգնեցին փաստի առաջ և ճանապարհի կեսից ստեղծվեց խոչընդոտ նրանց զարգացման համար։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց արգելել Թուրքիայից ապրանքների ներկրումը Հայաստան՝ հաշվի առնելով Անկարայի անթաքույց աջակցությունը Բաքվին։ 2021 թվականի հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, սակայն տարեվերջում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ 2022 թ-ի հունվարի 1-ից վերացվում է թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։
Գագիկ Մակարյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ, երբ այդ որոշումն ընդունվեց, պետական մարմինները տեղական արտադրողներին հորդորեցին, որ թուրքական ապրանքները փոխարինեն տեղականով կամ ներմուծումն այլ երկրներից իրականացնեն։ Ըստ նրա՝ հայկական ընկերությունները շատ արագ կոմնորոշվեցին, թուրքական արտադրանքի նկատմամբ էմբարգոն հանգեցրեց ներմուծման փոխարինման՝ ԵԱՏՄ և ԵՄ երկրներից։ Բացի այդ, գործարարները սկսեցին հիմնել նոր բիզնեսներ, սակայն այսօր պետությունը նորից խոչընդոտներ առաջացրեց նոր ստեղծված բիզնեսի համար։
«Այս ընթացքում ընդհանուր առմամբ ստեղծվել է մոտ 50 ընկերություն, որոնք միայն մի քանի տարի աշխատելուց հետո պետք է եկամուտ ունենային։ Կառավարությունը միշտ պետք է հաշվի առնի, որ բիզնեսը կես կամ մեկ տարում չի կայանում, ուստի այդ ժամանակահատվածում չի կարելի պետական կեցվածքը փոխել։
Եթե որոշում է ընդունվում, ապա դա պետք է մի քանի տարի պահպանել, պետությունը պետք է երաշխավորի, որպեսզի բիզնեսը վստահ ներդրումներ կատարի և հետո էլ կարողանա իր ծախսերը վերադարձնել։ Հիմա մենք կանգնեցինք փաստի առաջ։ Այն ընկերությունները, որոնք ծախսեր են կատարել և հիմնադրել են տարբեր արտադրություններ տեքստիլի, կաշվի, կոշիկի, լվացման միջոցների ոլորտներում, երբ դեռ չեն էլ հասցրել նորմալ զարգանալ, հարց է առաջանում՝ կկարողանա՞ն դիմակայել մրցակցությանը։ Չի բացառվում, որ դրանք նաև փակվեն»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Գործատուների միության նախագահը միաժամանակ նշեց, որ թուրքական ապրանքների արգելքի պատճառով ոչ բոլորը բիզնես հիմնեցին և միկրոբիզնեսի շատ ներկայացուցիչներ տուժեցին այդ որոշումից։ Իրականում այդ մարդիկ ապրում էին Թուրքիայից բերված ապրանքների վաճառքով։
«Այդ սահմանափակումն ավելի շատ բարոյական նշանակություն ունեցավ, իսկ տնտեսության համար օգտակարությունը թույլ եղավ, քանի որ քիչ թվով հայկական ընկերություններ ստեղծվեցին, իսկ նորերն էլ չհասցրեցին զարգացնել արտադրությունները։ Ուստի, եթե կառավարությունը մի բան է որոշում, ապա դրա համար պետք է պատասխանատվություն ստանձնի»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Նա չբացառեց, որ բիզնեսն այսուհետ կսկսի չվստահել պետությանը, որն իրեն մենակ թողեց պայքարի ու մրցակցության մեջ։
Նման խնդիրներից խուսափելու համար, Գագիկ Մակարյանը գտնում է, որ ՀՀ-ում պետք է տեղական արտադրողներին տեր կանգնելու, տեղական արտադրանքը խթանելու ազգային ռազմավարություն մշակել։ Այդուհանդերձ, ըստ նրա, հարց է առաջանո՞ւմ, թե որքանով է այս պահին պետությունը պատրաստ նման ռազմավարություն մշակելուն։
Գործատուների միության նախագահի խոսքով՝ կառավարության 2022-2026 թթ-ի ծրագրում կան լավ մտքեր, ցանկություններ, կարևոր ոլորտներում անհրաժեշտ մասնագետների կրթության որակը բարձրացնելու, արտահանումը խթանելուն ուղղված կետեր, թվում է, թե այդ բոլորը տեղական արտադրողին աջակցելու համար է, բայց իրականում, ըստ նրա, այդ գաղափարը չկա։
«Մենք ունենք առանձին ուղղություններով որոշակի աջակցման ծրագրեր, բայց տեղական արտադրողին խթանելու, տեղական արտադրությունը զարգացնելու կոնցեպցիա Հայաստանը չունի։ Եւ դրա արդյունքում նաև պետական գնումներում չենք կարողանում այդ գաղափարեն առաջ տանել։ Մինչդեռ շատ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, տեղական արտադրողին աջակցելու քաղաքականությունն առաջնահերթ է համարում։ Ի վերջո տեղական արտադրողները հարկատուներն են, նրանք են հիմնականում աշխատատեղեր ստեղծում, իսկ դժվար օրերին՝ համավարակի, պատերազմի ժամանակ կառավարության կողքին էլի տեղական արտադրողները կանգնեցին։ Հայրենական արտադրողներին պետք է աջակցել ոչ թե բառերով, այլ կոնկրետ գործողություններով»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվեց քաղաքական նկատառումներով. Վահան Քերոբյան
- Հայաստանցի գործարարների առաջարկը. Թուրքական ապրանքների նկատմամաբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաև վաճառքի արգելք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում