1995 թվականին Թուրքիան ՀՀ-ի հետ օդային գիծը բացելու մասին համաձայնագիր կնքեց․ Գեղամ Մանուկյան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Երևան-Ստամբուլ և Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանը՝ արձագանքելով նաև նախորդ ելույթներում հնչած հայտարարություններին:
Նա նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործող օդային երթուղիները փակվել են 1993 թվականի ապրիլի 5-ին այն բանից հետո, երբ մարտի վերջ, ապրիլի առաջին օրեր ազատագրվեց Քարվաճառը: Գ.Մանուկյանը հիշեցրեց, որ Թուրքիան բազմաթիվ գործողություններ նախաձեռնեց, որոնցից մեկն էլ օդային սահմանի փակումը:
«1995 թվականի ապրիլի 22-ին Թուրքիան միջազգային, Եվրոպական ավիացիոն գործակալության ճնշմամբ համաձայնագիր կնքեց Հայաստանի Հանրապետության հետ՝ Շահեն Պետրոսյան, Անկարա, օդային գիծը բացելու մասին: Օդային գիծը սկսեց շահագործվել, շահագործում էր հայկական ավիաուղիները Երևան-Ստամաբուլ, Ստամբուլ-Երևան գիծը:
Դրանից հետո 2003-ին պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը կարողացավ երկար ջանքերի շնորհիվ թուրքական ավիաընկերություն ներմուծել Երևան-Ստամբուլ թռիչքներին»,- ասաց Դաշնակցական պատգամավորը:
Աjնուհետև նա ընդգծեց, որ որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանը:
«Խնդիրը հետևյալն է․ Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։ Ինչպես Էրդողանն է իբրև բարի կամքի դրսևորում, օրինակ, խոսում, որ 2003 թվականին իր վարչապետության ժամանակ թույլ է տվել դեպի Երևան թռիչքներ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Իր ելույթի վերջում նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների կողմից իրենց ելույթներում պարբերաբար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելուն. «Տպավորություն է, որ երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, իշխանական պատգամավորները երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից
- Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ
- Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու