Սա օրենք է Ղազինյանի մասին. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Շրջանառվում է եզրույթ, որ սա օրենք է Ղազինյանի մասին: Այսինքն, ըստ էության, այս օրենքը ծնվել է այն բանից հետո, երբ իշխող խմբակցությունը որևէ կերպ չկարողացավ համակերպվել Ղազինյանի թեկնածության հետ և արդյունքում իշխող խմբակցությունը փորձում է գնալ հակաժողովրդավարական ճանապարհով»,- ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նա նշեց, որ Սահմանադրությունը նախատեսում է խմբակցությունների համար ձևակերպում, որը վերաբերում է խմբակցություններում պաշտոնների բաշխմանը:
«Հասականում եմ, որ ձեզ համար անընդունելի է, որ կարող են առաջադրվել թեկնածություններ, ովքեր ձեզ հաճո չեն, բայց ամենևին չի նշանակում, որ սահմանադրական օրենքը ձևախեղել այնպես, որ հաճելի լինի իշխող խմբակցությանը»,- ասաց Է.Վարդանյանը:
Նրա կարծիքով, Դոնթի բանաձևով նախատեսված կարգավորումները հաշվի առնելով պետք է առաջնորդվել, այսինքն, ըստ էության, առաջնորդվել բաշխելու սկզբունքով, ոչ թե իշխող խմբակցությանը պաշտոնները հարմարեցնելու սկզբունքով:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ամեն անգամ իշխող խմբակցությունը՝ ՔՊ-ն, դեմ է եղել: Այժմ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը օրենքի նախագիծ է ներկայացրել ընտրության կարգի մասին, ըստ որի՝ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս նախագծի նպատակն է կանխել ընդդիմության թեկնածուի, այս դեպքում Արթուր Ղազինյանի ընտրությունը. Աբրահամյան
- Սահմանափակում չեմ դրել պարոն Ղազինյանի վրա. Վիլեն Գաբրիելյան
- Մեծամասնությունը ստիպում է առաջադրել նոր թեկնածու, քանի որ առաջարկվող կարգավորումը հենց այդ տրամաբանության մեջ է. Վարդևանյան