Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար՝ Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան
«Այս դահլիճում մենք ինչ էլ քննարկենք՝ առաջնայինը մնում է Հայաստանի անվտանգությունը, և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն իր մեջ կրում է տնտեսական անվտանգության բաղադրիչներ»,- քննարկվող նախագծի վերաբերյալ խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:
Նրա խոսքով՝ նախագծում խնդիր կա, որ հայ տնտեսվարողի շահերը չեն պահպանվելու և ստացվելու է, որ օտարերկրյա ներդրողը կարող է գալ Հայաստան և առանց կառավարության վերահսկողության ավելի հեշտ ստանալ լիցենզավորման պայմաններ, քան հայ տնտեսվարողն՝ իր իսկ երկրում:
Հռիփսիմե Ստամբուլյանը նկատեց, որ այն լուրջ խնդիր է լինելու հայրենի բոլոր գործարարների համար, որոնք այս դժվարին պայմաններում շարունակում են աշխատել ՀՀ-ում:
Պատգամավորը հայտնեց, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ներկայացնելիս հիմնավորվել է, որ որոշ ներդրողներ նեղվում են լիցենզավորման պայմաններից, սակայն կառավարության ներկայացուցիչ էկոնոմիկայի փոխնախարարը չի պատասխանել, թե կոնկրետ որ ներդրողն է նեղվել:
«Ի գիտություն ընդունեք՝ ներդրողն այսօր Հայաստան չի գալիս անվտանգային խնդիրներից ելնելով, հարկային ոչ բարենպաստ քաղաքականության և շատ այլ հարցերի պատճառով և միայն լիցենզավորման հարցի պատճառով չէ, որ չի գալիս»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նախագիծը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց, թե օրինագիծը բերելիս արդյո՞ք հաշվարկել են հայ տնտեսվարողների առաջ ծառացող խնդիրները:
Ակնարկելով Թուրքիային և նկատելով, որ տուրիստական ոլորտը Հայաստանում լիցենզավորման ենթակա չէ ՝ պատգամավորը էկոնոմիկայի նախարարին նաև հարցրեց , թե արդյո՞ք հայ ներդրողը կարող է նման գործունեություն ծավալել հենց այդ երկրում:
«Ես չգիտեմ՝ այս օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար, Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»,- նկատեց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Մինչ այդ էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնեց, որ հեշտացվում է 13 տիպի գործունեության համար օտարերկրյա ներդրողների մասնակցությունը:
Նախարարի թվարկմամբ՝ այդ գործունեության տեսակներն են մասնավոր պահնորդական գործունեությունը, ինկասացիոն ծառայությունների մասնակցությունը, փոստային կապի գործունեությունը, միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումն ու արտահանումը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, մեկ մարդատար տաքսիով ուղևորափոխադրումների իրականացնումը, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները, քաղաքաշինական փաստաթղթերի, ինժեներական բաժինների մշակումը, դրանց փորձաքննությունը, շինարարության իրականացումը, դրանց որակի տեխնիկական հսկողությունը և շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան