Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Փաշինյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հետաքրքրվեց՝ ե՞րբ է հրաժարական տալու:
«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, դուք հրաժարական կտաք: Ընդգծեցի, որ երկնիշ տնտեսական աճ չի ապահովել, բայց դուք հրաժարական չեք տվել, հարցրեցի՝ ե՞րբ եք տալու: Բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով՝ պարզապես կատակ եք արել: Նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ, եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ապա նշեց, որ միացնում է ամբողջական ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ նախարարը հաստատ կատակ չի անում:
Ձայնագրությունում լրագրողը հետաքրքրվում է Քերոբյանից՝ եթե երկնիշ տնտեսական աճ չգրանցեք, պատրա՞ստ եք հրաժարական տալ, Քերոբյանն արձագանքում է. «Լավ հարց եք տալիս: Այո, դա կլինի վկայություն այն մասին, որ ես որևէ կերպ կախված չեմ պաշտոնից, հակառակը՝ ես եկել եմ ծառայելու իմ ազգին ու եթե չեմ կարողանում այնպես անել, որ մեր երկիրը կարողանա դիմագրավել մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է, բնականաբար, ես չպետք է զբաղեցնեմ այն աթոռը, որը նախատեսված է ուժեղ ղեկավարի համար»:
Մանուկյանի հարցին Վահան Քերոբյանի փոխարեն պատասխանեց Նիկոլ Փաշինյանը. «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»:
Ա. Մանուկյանն արձագանքեց. «Եթե անկեղծ, պարոն Քերոբյանին չեմ էլ մեղադրում, որովհետև մեծ հաշվով նա կրկնում է խոստումներ տալու և չկատարելու կամ տված խոստմանը հակառակ բան անելու ձեր գործելաոճը»:
Հարակից հրապարակումներ`
- Կատակով արված արտահայտություն է․ Վահան Քերոբյանը՝ հրաժարական տալու խոստման մասին
- Պարոն Քերոբյան, ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները