Հայաստանի հետ կապ չունեցող նախագահի հերթական արտասահմանյան այցը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ մեկնել է արաբական աշխարհ` այս անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ, հանդիպել է ինչ որ շեյխերի հետ, ըստ պաշտոնական մամլո հաղորդագրությունների՝ ինչ որ պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը մասնակցել է հերթական ֆորումին։ Այս անգամ այդ ֆորումը կոչվում էր «Երիտասարդությունը հանուն կայունության», իսկ դրա հովանավորը Հայաստանում արևային էներգիայի հզոր կայան կառուցող «Մասդար» ընկերությունն է, որը դեռ 2019թ Արմեն Սարգսյանի հովանու ներքո գործող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) հետ կնքել համաձայնագիր, որի շրջանակներում Թալին ու Դաշտադեմ համայնքներում կառուցվում է արևային էներգիայի կայան 200 ՄՎտ ծավալով և մոտ 170մլն դոլար ներդմամբ։
Հիմա նույն ընկերությունը Հայաստանի նախագահին հրավիրել է մասնակցելու իր ֆորումին Աբու Դաբիում։
Պատերազմում ծանր պարտությունից, պետական գրեթե բոլոր համակարգերի փլուզումից, սոցիալական հարաբերությունների տոտալ անկումից, քաղաքական խորը ճգնաժամից ու երկրում ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներից ու կալանավորումներից խոսելու, դրանց վերաբերյալ իր խոսքն ասելու փոխարեն, Արմեն Սարգսյանը գնացել է Աբու Դաբի, ու, ըստ պաշտոնական տեսագրության, երիտասարդների հետ խոսել է… «առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ արդյունաբերական հեղափոխություններից» ու խոստացել, որ անպայման լինելու են «հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, քանի որ մենք ապրելու ենք մշտական հեղափոխության շրջանում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն»:
Կադրերում երևում է, որ լսարանում նստած երիտասարդները, ըստ տարազների հիմնականում արաբական աշխարհից, ուշադրությամբ նայում են Արմեն Սարգսյանին։
Իսկ օրինակ 2021թ նոյեմբերի 1-ին Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը` Գլազգոյում Արմեն Սարգսյանը մի շարք ձեռքսեղմումներ էր ունեցել, ու հետո ելույթ ունեցել, ըստ պաշտոնական տեսագրության, դատարկ դահլիճում։
Ի դեպ, Արմեն Սարգսյանն ԱՄԷ էր մեկնել հունվարի 14-ին։ Վերադարձել է երեկ՝ հունվարի 18-ին։ Այցի ավարտից հետո մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան