Թուրքիայի «Սպիտակ աղավնին». այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է
«Ես ունեմ երկու դեմք և երկու գիտակցություն: Նախ՝ ես ապրում եմ Թուրքիայում, ես Թուրքիայի քաղաքացի եմ։ Երկրորդ՝ ես հայ եմ»։ Սրանք հայազգի հայտնի լրագրող, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի խոսքերն են, ով սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության դիմաց։
Դինքի մահն անհավանական լայն արձագանք առաջացրեց աշխարհում։
Հիմա ամբողջ աշխարհում անհնար է գտնել մի հայի, որը չգիտի և չի լսել Հրանտ Դինքի, ինչպես նաև նրա սպանության մասին։ Բայց, ցավոք, շատերը նրա մասին իմացան ոչ թե կենդանության օրոք, այլ մահից հետո։ Նրա մահից անցել է 15 տարի, բայց բոլորը հիշում են, թե ինչպես ամբողջ Ստամբուլը նրան ճանապարհեց իր վերջին ճամփորդության ժամանակ՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով։ Եվ նրանք հայ չէին, այլ թուրք։ Թուրք մտավորականության համար Դինքի սպանությունը շոկ էր: Դինքը հավատում էր, որ Թուրքիան կարող է փոխվել։
«Կան թուրքեր, որոնք չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են իրականացրել։ Այնուամենայնիվ, եթե նայեք, ապա կտեսնենք, որ նրանք լավ մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ինչո՞ւ չեն ճանաչում ցեղասպանությունը։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որը նրանք երբեք չէին ցանկանա իրականացնել, և որովհետև չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին նման արարք գործել»,- ասել է Դինքը։
Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում 1954 թվականի սեպտեմբերի 15-ին մալաթիացի Սերքիս Դինքի և սիվասցի Գյուլվարդ Դինքի ընտանիքում։ Նա ուներ երկու եղբայր։ Վաղ մանկության տարիներին նրան դաստիարակել է պապը։ Յոթ տարեկանում Հրանտը ծնողների և եղբայրների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Ստամբուլում նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ռաքելին, որը հետագայում նրան երեք երեխա պարգևեց։
Դինքը գրավել էր միջազգային հանրության ուշադրությունը, քանի որ նա բազմիցս հետապնդվել է թուրքական իշխանությունների կողմից՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով («թուրք ազգին վիրավորելու համար»)։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի բարձրաձայնման փորձերի համար։
Դինքը երկար ժամանակ սպառնալիքներ էր ստանում թուրք ազգայնականներից, սակայն նրան այդպես էլ պաշտպանություն ապահովող անվտանգության աշխատակից չտրամադրվեց։ Իր վերջին հոդվածում նա գրել է. «Պարոնայք նախարարներ, գիտե՞ք ինչ է, երբ դուք և ձեր ընտանիքը ենթարկվում եք մշտական վիրավորանքների և սպառնալիքների... Ես բազմիցս մտածել եմ երկիրը լքելու մասին։ Բայց այն ինձ համար չէ։ Գիտեմ, որ 2007 թվականն ինձ համար ավելի ծանր է լինելու, քան անցյալ տարի։ Ես հոգնած եմ և վախեցած՝ ինչպես ցնանցն ընկած աղավնին: Բայց ես դեռ հավատում եմ, որ իմ երկրում աղավնիներ չեն սպանում»։
Դինքին սպանող 17-ամյա Օգյուն Սամասթին անմիջապես բերման են ենթարկել, քանի որ նա «երևացել էր» անվտանգության տեսախցիկների առաջ։ Ուժային կառույցները նաև ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ մարդկանց, որոնք կասկածվում են հանցակցության մեջ:
«The Independent»-ը Հրանտ Դինքին անվանել է Հայոց ցեղասպանության 1,500,001-րդ զոհը։ «Der Standard»-ը «Փշրված հույսեր» հոդվածում կատարվածն անվանել է աղետ. «Հրանտ Դինքի մահով մարեց թուրքական ժողովրդավարական և իրավապաշտպան շարժման փարոսը, որին փոխարինում չի սպասվում մոտ ապագայում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան