Այսօր Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան տարելիցն է
«Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը»:
Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Նրան շատերն են հիշում Ազատության հրապարակում «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» կոչն արտասանելիս: Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։
«Ազգային պատկանելությունը միայն ազգին ծառայելով է որոշվում»,- ասել է Գորգիսյանը։
Այսօր ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան տարելիցն է:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։
Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան): 1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցել է բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:
1988-90թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակել է «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:
«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն` որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլևս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»,- համոզված է եղել Մովսես Գորգիսյանը:
1990թ. հունվարի 18-ին լուր է ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծել են հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ եղել են զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապել են Երասխավան: Մովսես Գորգիսյանը ևս մեկնել է:
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Գորգիսյանը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը դիպել է նրան: Մովսես Գորգիսյանն ընդամենը 28 տարեկան էր:
Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը: