Մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը. Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
«Ադրբեջանը փորձում է խոչընդոտել համանախագահների այցը տարածաշրջան կամ բարդացնել դրանք»,- ԱՀ ԱԳՆ-ի 2021 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսում հայտնեց արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և հիշեցրեց, որ վերջին երկու տարում միայն Երևանում է կայացել Արցախի նախագահի և ՌԴ նոր համանախագահի հանդիպումը, որը բարձր գնահատեց:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկար ժամանակ տարածաշրջան չեն այցելել և վերջին այցը տեղի է ունեցել 2019թ-ի վերջին, բայց դրա պատճառները տեխնիկական են եղել՝ համավարակը, պատերազմը։
Դավիթ Բաբայանը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը կկայանա` առավել ևս, որ դա ցանկանում են համանախագահները։
«Վերջերս մենք տեսանք Ալիևի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, ասելով, որ այն պետք է փակվի, բայց ես չեմ կարծում, որ համանախագահները շանտաժի կենթարկվեն»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը հնարավորություն ունի իր դիրքորոշումը փոխանցել միջնորդներին։
Նա հիշեցրեց, որ 2007 թվականին նույնպես պաշտոնական Բաքուն փորձել էր հասնել նրան, որ համանախագահները դադարեցնեն այցելություններն Արցախի Հանրապետություն, որը ձախողվել էր։
Անդրադառնալով համանախագահների տարաձայնություններին, Դավիթ Բաբայանն ասաց, որ դրանք կան, բայց հենց միջնորդների միջև դրանք չկան, և նրանք համերաշխություն են ցուցաբերում Արցախի հարցում։
Արցախի արտաքին գոծերի նախարարն անընդունելի համարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նույնացումը։
Նա նշեց, որ Արցախն ունի պետականության հարուստ պատմություն, այն եղել է հայկական բոլոր թագավորությունների կազմում, և նույնիսկ երբ երկիրը կորցրել է պետականությունը, Արցախն այս կամ այն ձևով պահպանել է այն։
«Պետականությունը զարգացել է, ԼՂԻՄ-ը դադարել է գոյություն ունենալ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միասին դառնալով ԼՂՀ-ի հիմքերից մեկը։ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է՝ իր բոլոր սահմաններով և դրանք նույնացնել նշանակում է կասկածի տակ դնել ԼՂՀ լեգիտիմությունը»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ այս փուլում Արցախի սահմանների փոխարեն շփման գիծ է, բայց այն չի նշանակում, որ արցախցին պետք է հրաժարվի իր իրավական և պատմական ժառանգությունից։
«Այս պահին ամենակարևորը մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»,- հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարը:
Ամփոփելով ԱՀ ԱԳ նախարարության աշխատանքները՝ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ կառույցն Արցախի վրա որևէ քաղաքական, դիվանագաիտական հարձակում անպատասխան չի թողել և շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Սփյուռքի կառույցների ներկայացուցիչներին՝ այդ պայքարում Արցախին աջակցելու համար: