Առաջին հանդիպումը դրական էր այնքանով, որքանով կարող էր առաջին հանդիպումը դրական լինել․ Միրզոյան
ՀՀ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անվտանգության հարցը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանը նշելով, որ այս հարցի հետ ուղիղ կապը Թուրքիայի հետ ընթացող գործընթացն է։ Պատգամավորը Փաշինյանից հետաքրքրվեց․
«Ըստ ձեզ ի՞նչ է փոխանցել ձեզ Ռուբեն Ռուբինյանը առաջին հանդիպումից հետո։ Ինչպես կգնահատեք ստացած ազդակներն առաջին հանդիպումից հետո՝ դրական են, թե՝ բացասական։ Որո՞նք են այդ բանակցություններում հայկական կողմի օրակարգը՝ նկատի ունեմ, որ գնացել ենք բանակցությունների և ինչի՞ց ենք խոսում, արդյո՞ք Թուրքիայից ենք հարձակման վտանգ զգացել։ Որո՞նք են բանակցություններում մեր կարմիր գծերը, եթե կան դրանք ընդհանրապես»։
Փաշինյանի փոխարեն պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի կողմից իր առջև և ողջ գործընթացի համար սահմանված նպատակները կարծեմ հանրահռչակվել են։Դրանք են՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը։ Կարող եմ ասել, որ առաջին հանդիպումը դրական էր այնքանով, որքանով կարող էր առաջին հանդիպումը դրական լինել։ Կարծում եմ ՝ չի կարելի ակնկալիքներ ունենալ, որ առաջին իսկ հանդիպման ժամանակ բովանդակային քննարկում էր լինելու և էական պայմանավորվածությունների ձեռքբերում»։