Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան
«Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, մյուս գործընկերներին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ այժմ սպասում են արձագանքի։
«Բնականաբար, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտաքին գործերի նախարարը:
Ա. Միրզոյանի խոսքով, փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ՝ սահմանագծից զորքերի հայելային հետքաշման գաղափարը սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում է. Թաթոյան
- Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկին. ԱԳՆ