Մարդը նույնիսկ իր աշխատաժամանակը չի կարողանում կառավարի. Արթուր Խաչատրյանը՝ Վահան Քերոբյանին
«Սա համաշխարհային բանկի ուսումնասիրությունն է, եթե դուք դեմ եք մեթոդաբանությանը, ապա կամ քննարկեք ՀԲ-ի կենտրոնական գրասենյակի կամ նրա երևանյան գրասենյակի հետ»,- խորհրդարանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ այն բանից հետո, երբ նախարարին փոխանցեց գործազրկության վերաբերյալ ՀԲ ուսումնասիրությունների պատճենը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ եթե այդ ցուցանիշներին ծանոթանալուց հետո էլ էկոնոմիկայի նախարարն ավելի շատ հավատում է ՀՀ վիճակագրական կոմիտեին, քան ՀԲ-ին՝ ապա լավ է անում:
«Համաշխարհային բանկը ներկայացրել է լրիվ այլ թիվ, որ ՀՀ-ն նախկին խորհրդային հանրապետությունների շարքում գործազրկության առումով առաջինն է, 2020 թվականին արձանագրել է գործազրկության պատմական բարձր շեմ, սա է իրականությունը»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Արձագանքելով ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ «Հայաստան» խմբակցությամբ զբաղվելու մասին հայտարարությանը՝ ընդդիմադիր պատգամավորը նրան առաջարկեց զբաղվել Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհով, թե ինչու է այն արդեն սկսել քանդվել:
«Ձեր իշխանության ժամանակ կառուցած ճանապարհը, որը կառուցեցիք, քանի որ հիմնական ճանապարհը զիջեցիք թուրքին, այդ ճանապարհը սկսել է արդեն քանդվել»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Անդրադառնալով քննարկվող օրենքի նախագծին, որով առաջարկվում է խոշոր խանութներում առանձին դարակաշարեր ստեղծել բուսական յուղով կաթնամթերքի համար, որպեսզի սպառողները շփոթության մեջ չընկնեն՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ բուսական յուղով պատրաստված լինելը պետք է մակնշվի հենց ապրանքների վրա, քանի որ դրանց մեծ մասը վաճառվում է փոքր խանութներում և այնտեղ առանձին դարակաշարեր չի նախատեսվում:
Իր խոսքի վերջում Արթուր Խապչատրյանը չհամաձայնեց Վահան Քերոբյանի այն հայտարարության հետ, թե նա գործը թողել և եկել է ԱԺ՝ հիշեցնելով, որ արդեն երրորդ օրն է նախարարը ԱԺ-ում է:
«Այսինքն՝ մարդը նույնիսկ իր աշխատաժամանակը չի կարողանում կառավարի»,- շեշտեց Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար՝ Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան
- Պարոն Քերոբյան, ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը. Արեգնազ Մանուկյան