Այսօրվա պրոցեսի մասին եմ բարձրաձայնում, ոչ թե կա ապագա՝ լուսավոր.Արթուր Խաչատրյան
«Ազոտական պարարտանյութը 6500 դրամից հասել է համարյա 20000 դրամ, թանկացել են գարու, ցորենի, կարտոֆիլի սերմացուի, դիզելային վառելիքի գները»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և նկատեց, որ ժամանակին կառավարությունները դրանք սուբսիդավորում էին, հիմա այն չկա:
Պատգամավորը հարցրեց, թե երբ գործադիրը սուբսիդավորումը հանել է, ինչպես է պատկերացնում գյուղատնտեսության ապագան, այն դեպքում, երբ գյուղացիներն այդ ամենը գնում են վարկով և նրանց վարկունակությունը կասկածի տակ է դրվում թանկացումների պատճառով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ պատգամավորի բարձրացրած հարցերը կան և էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է դրանցով:
«Կոնկրետ պարարտանյութերի հարցով հիմա մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում տարբեր երկրների մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք գյուղացիներին ապահովել անհրաժեշտ, ոչ շատ թանկ պարատանյութով»,-հայտնեց նախարարը և տեղեկացրեց, որ այդ երկրների թվում են Ռուսաստանը, Թուրքմենստանը, Իրանը, Վրաստանը, Բելառուսը:
Քերոբյանը նշեց, որ կառավարությունը իր հողի ռեֆորմներով միտված է նրան, որ աճի գյուղական արտադրությունները, գյուղացու եկամուտները և այն ավելի է ուրվագծվում:
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ մի քանի ամսից սկսվելու է ցանքը, կառավարությունը ի՞նչ է առաջարկում նրանց օգնելու համար և նկատեց, որ եթե սերմերը թանկացել են, ապա վաղը թանկանալու է հացը և այլ գյուղմթերքներ:
«Այսօրվա պրոցեսի մասին եմ բարձրաձայնում, ոչ թե կա ապագա՝ լուսավոր»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Վահան Քերոբյանը հայտնեց, որ նախնական տվյալներով 2021 թ-ին 1300 հեկտար նոր ինտենսիվ այգիների ծրագիր է հաստատվել կառավարության աջակցության ծրագրով, որը 30 %-ով ավել է, քան թիրախային ցուցանիշը:
Նա նաև հայտնեց, որ դեռևս նախանցած տարվանից կառավարությունը սկսել էր աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագիրը, իսկ նախորդ տարի՝ նաև գարնանացանինը:
«Հիմա մենք Ագրարային համալսարանի ուսանողների հետ համապարփակ վելուծություն ենք անցկացնում այդ ծրագրի շահառուների շրջանում, պարզելու դրանց արդյունավետությունը, եթե պարզվի, որ այն արդյունավետ է եղել, ապա կշարունակվի սուբսիդավորումը»,-պատասխանեց Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան
- Երբ ժամանակին Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրամը ստեղծվեց, որոշ խմբեր չէին գիտակցում նրա կարևորությունը. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում