Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի և մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահող դատավորը թույլ չի տալիս լրագրողներին մուտք գործել դատական նիստերի դահլիճ, թեև դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում դեռևս չի հրապարակվել, հետևաբար, լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է գտնվեին նիստերի դահլիճում՝ մինչև համապատասխան որոշման կայացումը։
Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի պաշտպանները պահանջում են, որ գործը քննվի հրապարակային։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
- Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործը դատարանում է
- Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
- Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանավորված մնալ
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման
- Դավիթ Տոնոյանի փաստաբաններ. Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին
- Փաստաբանական խումբ. Բարձրաստիճան երկու սպաները տվել էին Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ
- Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի
- Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան