Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյանը
«Գազի սակագինն աննախադեպ բարձրանում է սոցիալապես անապահով սպառողների համար, հայտով նախատեսված է այն 100 դրամից 33 %-ով բարձրացնել, որը կոմունալ ծախսերի ավելացում է և իրապես բերելու է նոր գնաճային ալիքի առաջանցիկ գնաճի ֆոնին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և նկատեց, որ նման զարգացումների դեպքում 2022 թվականի բյուջեում նպաստների և աջակցությունների ավելացում չի նախատեսված:
Նկատելով, որ գազի սակագները բարձրացնելու բանակցություններն ապարդյուն են անցել և բյուջեի քննարկումների ժամանակ էլ պարզ չէր, թե գազի սակագինը բարձրանալու է, թե ոչ՝ պատգամավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հարցրեց, թե որպես ոլորտի պատասխանատու, ի՞նչ է նախաձեռնել խնդիրը մեղմելու համար:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ասելով. «Ես նախ ուզում եմ չհամաձայնել այն պնդման հետ, որ բանակցություններն անցել են ապարդյուն, որովհետև նման գնահատականներ տալու համար պետք է գնահատել, թե ինչքան է Հայաստանի համար գազի գինը սահմանին պահպանվում և ի՞նչ գին ունի գազն այսօր աշխարհում, թե՛ բորսայական, թե՛ եվրոպական առանձին երկրների համար»:
Փոխվարչապետը նկատեց, որ պատգամավորն առաջնորդվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտով, որտեղ գինը գնահատվում է կալորիականությունից ելնելով և պնդեց, որ դոգմատիկ չէ, որ այն ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է:
«Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու և այդ հնարավորությունը կա, քանի որ կարծում եմ՝ դուք էլ պատկերացնում եք, որ նույնիսկ կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում այն չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ առնվազն տրված խոստումների ֆոնին է ինքը կարծիք հայտնուն, ըստ որի՝ գազի սակագինը չպետք է բարձրանար և փորձեց ճշտել, թե անապահով խավի համար գազի գինը չբարձրանալու մասին Գրիգորյանի հայտարարությունն արդյոք խոստում է, թե ոչ, քանի որ հայտի մեջ այլ բան է գրված:
Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այն խոստում է:
Պատգամավորը նկատեց, որ եթե այդպես է՝ միևնույնն է 25 % ավելանալու են տնտեսվարողներին և ԱԳԼՃԿ-ներին տրվրող գազի գինը, որը գնաճային գործոն է և այդ ռիսկերը նախատեված չեն բյուջեի գնաճի ցուցանիշների մեջ:
«Կառավարությունը ինչ է ձեռնարկում այն մեղմելու համար, քանի որ Հայաստանում աղքատության ֆոնը բարձրանում է նաև գնաճի հաշվին»,-հարցրեց Թադևոս Ավետիսյանը:
Փոխվարչապետը չբացառեց, որ կբարձրանան ապրանքների գները, բայց շեշտեց, որ շատ ավելի կբարձրանան այն երկներում, որտեղ 4 անգամ են բարձանում գազի գները:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան
- Պարոն Քերոբյան, ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը. Արեգնազ Մանուկյան