Մեծ ցանկություն կունենաք ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը. Սոֆյա Հովսեփյանը՝ իշխանություններին
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է Մարալիկ քաղաքում։
Պահանջ իշխանությանը . հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։
Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով։
Խնդրում եմ, որպես հանրային պահանջ միացեք, որ հասկանանք, թե անելիքներն ի՞նչ է»։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնեմ, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց»:
Սողոմոն Թեհլիրյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։
1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։
Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը կանգնեցված է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում։ Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում 2015 թվականի ապրիլի 22-ին։ Քանդակագործը ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանն է:
Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։ Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը։
Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան