Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան
«Այո, նման բացասական փորձ կա, երբ շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց հեղուկ գազի էական թանկացում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցերին:
Նա նշեց, որ սա պայմանավորված է մի քանի գործոնով. «Առաջին. ցավոք սրտի, Հայաստանը գազ չունի, ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա որոշակի թանկացում: Այստեղ մենք ականատեսն ենք լինում, վստահաբար, հեղուկ գազի նոր գնաճի»:
Երկրորդ գործոնը, ըստ տնտեսագետ պատգամավորի, փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանն է. «Փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել:
Այն, որ ներկրող ընկերությունների անուններ է փոխվում, չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում է գնի վրա»:
Թ.Ավետիսյանի ներկայացմամբ, երրորդ գործոնը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է, որի վերլուծությունները, ուսումնասիրությունները երբեմն փաստաբանի գրած հիմնավորման տպավորություն են թողնում:
«Փոխանակ օբյեկտիվ իրավիճակը վերլուծվի, ինչու չէ նաև գործադրվեն պետական վերահսկողության լծակները ողջ ծավալով, քանի որ խոսում ենք լայն սպառման առարկայի գնաճի մասին, տեսնում ենք որ չէ, փորձ են անում ինչ-որ ձևով հիմնավորեն այդ գնաճը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց, որ այս երեք հիմնական գործունները բերելու են հեղուկ գազի թանկացմանը, դրան էլ պետք է գումարել մի նոր բացասական երևույթ, որը շուտով վրա կհասնի՝ բնական գազի թանկացումը:
«Առնվազն այսօր «Գազպրոմի» կողմից ներկայացված հայտ կա, ըստ որի՝ ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ների համար, այսպես ասաց սեղմված գազի վաճառքի կետերի համար, հեղուկ գազն առնվազն 8-8,5 տոկոսով թանկանալու է: Կարծում եմ՝ առնվազն այդքան կամ ավելի կբարձրանա բնական գազի սակագինը ԱԳԼՃԿ-ների համար, որն էլ բերելու է վերջնական սպառողի համար սեղմված գազի թանկացման»,- ասաց Թ. Ավետիսյանը:
Նա նշեց, որ սոցիալական բունտ հասունանալու շատ պատճառներին կարող է գումարվել նաև սա, առնվազն տաքսի ծառայությունները բողոքելու օբյեկտիվ հիմք են ունենալու:
Հարակից հրապարակումներ`
- Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյանը
- ՏԿԵՆ թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը
- «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է գազի սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկել 6%. ՀԾԿՀ
- Սուրեն Պարսյան. Գաղտնի համաձայնագիր է կնքվել, ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան