Լուվրը սպառնում է դատի տալ Մարին Լը Պենին՝ նախընտրական տեսահոլովակում թանգարանի պատկերն օգտագործելու համար
Լուվրը սպառնում է դատի տալ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, քանի որ նրա՝ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը նկարահանվել է թանգարանի ֆոնին։ Այս մասին գրում է artguide.com կայքը:
Լուվրը մտավախություն ունի, որ կարող է ներքաշվել ընտրական դառը բանավեճի մեջ, և իր հեղինակությունը կտուժի: Հինգ տարի առաջ Էմանուել Մակրոնը, Լուվրում տոնելով նախագահական ընտրություններում իր հաղթանակը, խոստացել էր կատարել իր նախընտրական խոստումները։
Իր տեսահոլովակը նկարահանելու համար Լը Պենն ընտրել է նույն վայրը և հիշեցրել, որ Մակրոնը չի կատարել իր խոստումները։
Լուվրի հայտարարության համաձայն, ոչ ոք չի կարող օգտագործել թանգարանի պատկերները առանց նախնական թույլտվության. «Մենք պատկանում ենք ողջ ֆրանսիացի ժողովրդին։ Մենք չենք կարող կապված լինել որևէ քաղաքական կուսակցության հետ»։
Եթե Լը Պենը չհեռացնի տեսանյութը, Լուվրը կդիմի դատարան: