Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, անընդունելի է. ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսես
«Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ քաղաքական, հասարակական, տեղավորված են մեդիա դաշտում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանը՝ Հակոբ Մովսեսը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ համաձայն է այն հաստատման հետ, որ ժողովրդավարության դուռը, լուսամուտը շռայլորեն բացեցին, ցորենի հետ նաև որոմ եկավ և այդ դաշտը մաքրելու լրջագույն խնդիրներ ունեն:
«Բայց երկրորդ վայրկյանին, երբ ասում եք, որ չեք հանդուրժում, ընդունում վերահսկողությունը, սկսեցի մի քիչ տարակուսել, քանի որ այն մարմինը, որի անդամ հավակնում եք լինել, կարգավորող լիազորություններ ունի:
Հիմա երբ լուսամուտը բացել ենք, ամեն տեսակի աղբ է մտել մեր տուն, մտածողություն, ձեր փափուկ գործիքակազմով հնարավոր չէ պայքարել դրա դեմ:
Ինչպե՞ս պետք է հանդուրժեք ատելության, բռնության, ռասիզմի, հակաքաղաքացիական կեցվածքները, որոնցով առատորեն մեր եթերը ողողված են, մի՞թե կարելի է հանդուրժել»,- հարցրեց Լ. Գալստյանը:
Հակոբ Մովսեսն ասաց, որ դրանք օրենքով են կարգավորվում, իսկ ինքը խոսում է սկզբունքի մասին:
«Միանշանակ, դատապարտելի են նման երևույթները, ով ուզում է անի: Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, թե քաղաքական նպատակներով, թե ուրիշ, անընդունելի է: Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում պետք է դրան անդրադառնա»,- ասաց ՀՌՀ անդամի թեկնածուն:
Նա նշեց, որ հիմա ապրում են բորբոքված միջավայրում, սակայն իր մտավորականի իմացությամբ սպասում է, որ այս քափը կնստի, կդառնա կարգին հասարակություն, մարդիկ ավելի շատ կամ նույնքան կգնահատեն իրենց հակառակորդներին, ինչքան յուրայիններին:
«Հազար անգամ ասել եմ՝ եթե իշխանությունները չունեն ընդդիմություն, դժբախտ իշխանություններն են, բայց եթե ընդդիմությունն էլ չունի պետության, իշխանության վարքի զգացողություն, դա էլ է դժբախտ ընդդիմություն»,- ասաց Հակոբ Մովսեսը: