Ռուսաստանի դեմ հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Բլինքեն-Լավրով հանդիպման արդյունքից. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ ձգտելով թուլացնել Մոսկվայի հետ Ուկրաինայի շուրջ առկա լարվածությունը:
Հանդիպման ընթացքում Բլինքենն ասել է, որ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելը «հստակ նախապատվություն է»: Նա ավելացրել է նաեւ, որ Մոսկվան «լուրջ հետևանքների» կբախվի, եթե «որոշի վերսկսել ագրեսիան»։ Բլինքենը կրկնել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է Ուկրաինայի նկատմամբ իր հավատարմությունը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:
Ռուսաստանը հերքում է իր կողմից նոր ռազմական հարձակում ծրագրելու մասին մեկնաբանությունները, սակայն մի քանի պահանջներ է ներկայացնում և ակնարկում, որ կարող է ռազմական ‘’որոշ’’ գործողությունների դիմել, եթե Արևմուտքը չընդունի այդ պահանջները:
Զելենսկիի հետ հանդիպումից հետո Բլինքենը կմեկնի Բեռլին՝ դաշնակիցների հետ բանակցությունների համար, որից հետո Ժնևում հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ անցկացված բանակցություններն ավարտվել էին անարդյունք:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին երեքշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը չափազանց վտանգավոր է, և որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի իրականացնել հարձակում: Նա ասել է, որ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով «չափազանց վտանգավոր իրավիճակ» է ստեղծվում։
Պատասխանելով Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից անջատելու հնարավորության մասին հարցին՝ Սաքին ասել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները։ Սպիտակ տունը նաև հայտնել է, որ դեպքերի նման զարգացման պարագայում, ի թիվս այլ միջոցների, կարգելափակվի «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը: «Նախագահ Պուտինը պետք է ընտրություն կատարի, այլապես ստիպված է լինելու Ռուսաստանը կանգնեցնել ծանր տնտեսական հետևանքների առջեւ», ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե ինչ քայլերի կդիմի ԱՄՆ-ի վարչակազմը ռուսական ագրեսիան հետաձգելու համար` ‘’Ամերիկայի Ձայն’’-ին Կիեւում տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է. «Նախ Ռուսաստանին առաջարկել ենք հստակ ընտրություն՝ ընտրություն մի կողմից երկխոսության և դիվանագիտության, կամ մյուս կողմից առճակատման և հետևանքների միջև’’: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, Բլինքենն ասել է, թե այս պահին չի ուզում մանրամասնել, սակայն ավելացրել է, որ բոլոր քայլերը համակարգվում են եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ:
‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակիցը հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդհանրապես չընդգրկելու հարցով Ռուսաստանը գրավոր պատասխան է խնդրել ԱՄՆ-ից: Թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը այս հարցում, Բլինքենը պատասխանել է, ասելով. «Այս պահին հաջորդ քայլն արտգործանախարար Լավրովի հետ հանդիպումն է։ Տեսնենք, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձություններն ուրբաթ օրվանից հետո», ասել է նա։
Մինչ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է այցն Ուկրաինայում, Ջո Բայդենի վարչակազմը չորեքշաբթի հայտարարեց, որ Կիեւին կտրամադրի ևս 200 միլիոն դոլար՝ որպես լրացուցիչ պաշտպանական ռազմական օգնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները