Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու. Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակ
Արդեն մի քանի օր է մամուլում, սոցիալական ցանցերում տեղեկատվություն է շրջանառվում Մարալիկ քաղաքում Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոտնաժման մասին: Պաշտոնական որևէ տեղեկատվություն՝ հերքում կամ հաստատում այդ մասին չկա, սակայն քաղաքացիների շրջանում մտավախություն կա, որ եթե նման խոսակցություններ կան, ուրեմն ինչ-որ տեղ նման հարց քննարկվել է:
Panorama.am-ի հետ զրույցում Անի խոշորացված համայնքի, որի մեջ մտնում է նաև Մարալիկ քաղաքը, ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ իրենք նման դիմում չեն ստացել, իսկ «կողքի խոսակցություններին ուշադրություն չի դարձնում»:
Հուշարձանի հեղինակը՝ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նույնպես ասաց, որ պաշտոնական որևէ տեղեկություն չունի, ապա նշեց, որ ինքն այդ հուշարձանը տվել է ժողովրդին, տերը ժողովուրդն է և ինչպե՞ս կարելի է թուրքի ցանկությամբ շարժվել:
«Մեր վրիժառուն է, մեծ կերպար է, եզակի հերոս է Սողոմոն Թեհլերյանը և ինչպես կարելի է ապամոնտաժել: Պատմական ճշմարտություն է: Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու, թուրքի ուզածով Հայոց ցեղասպանությունը կարո՞ղ է անտեսվի, ղարաբաղյան հակամարտության հարցը: Ինչպե՞ս կարելի է»,- ասաց արվեստագետը:
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականին մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ 1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլերյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. «Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն»:
Մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Դատարանում նրան պաշտպանել է Յոհաննես Լեփսիուսը:
1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացրել է նրան:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում կանգնեցված Սողոմոն Թեհլերյանի արձանը հենց այդ տեսարանն է ներկայացված՝ Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը։
Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում 2015 թվականի ապրիլի 22-ին։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։ Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։
Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ ցանկություն կունենաք ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը. Սոֆյա Հովսեփյանը՝ իշխանություններին
- Նաիրա Զոհրաբյան. Առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է
- «Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյան
- Սողոմոն Թեհլերյանի արարքի արդարացման հրապարակային կոչերը նոր նախագծով քրեորեն պատժելի կդիտվեն
- Հրեա վրիժառուին ոգեշնչել է Սողոմոն Թեհլերյանի արարքը
- Բեռլին, 1921, Մարտի 15. Թեհլերյանի կրակոցը գետնին տապալեց Թալեաթին
- 90 տարի առաջ այս օրը Թեհլերյանը վրեժ լուծեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան