Կայսրուհու տարեդարձը․ Իրինա Ալեգրովա-70
Այսօր՝ հունվարի 20-ին խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի ծննդյան օրն է։ Երգչուհին դառնում է 70 տարեկան։
Իրինա Ալեգրովան ծնվել է 1952 թվականին Դոնի Ռոստով քաղաքում՝ թատերական ռեժիսոր, դերասան և վաստակավոր արտիստ, ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալեգրովի ընտանիքում։ Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով։ Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան օպերային դերասանուհի էր։
1970-1980-ական թվականներին Իրինա Ալլեգրովան հանդես է գալիս տարբեր երաժշտական խմբերում, հյուրախաղերով ճամփորդում ԽՍՀՄ տարածքում։ Նա 1970 թվականին աշխատանքի է անցնում Երևանի նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության ներքո։
1975 թվականին փորձում է ընդունվել թատերական արվեստի ռուսական ինստիտուտը, բայց երրորդ փուլում ձախողվում է։ Սկսում է աշխատել՝ որպես անհատական դասատու և խմբակային երաժշտական ուսումնակարանում որպես կոնցերտմեյստեր։ 1976 թվականին ընդունվում է Լեոնիդ Ուտյոսովի նվագախումբ, ապա՝ Մոսկոնցերտին կից «Вдохновение» (Ներշնչանք) անսամբլում։ 25 տարեկանում մասնակցում է Տամբովի ֆիլհարմոնիայի «Молодые голоса» մրցույթին, որի կազմում դառնում է II համախորհրդային մրցույթի դափնեկիր՝ «Сочи-78» երգով։ 1979 թվականին անսամբլը կիսվում է երկու խմբի՝ «Факел» և «Круиз»: Ալեգրովան աշխատանքի է անցնում դրանցից առաջինում և աշխատում դաշնակահար Իգոր Կրուտոյի հետ։
1983-84 թվականներին Իրինա Ալլեգրովան աշխատում է ռեստորաններում ու հյուրանոցներում, ապա՝ ծանոթանում պրոդյուսեր Վլադիմիր Դուբրովիցկու հետ։
80-ականներին ստեղծվում է «Электроклуб» ռոք խումբը, որի առաջին սոլիստներն են դառնում Իրինա Ալեգրովան, Իգոր Տալկովը և Ռայիսա Սաեդ-Շահը։ Խումբը կատարում է Թուխմանովի երգերը և «Песня-86» փառատոնին կատարում է «Старое зеркало» կոմպոզիցիայի դեբյուտը։ Ամենահայտնի երգն է դառնում «Чистые пруды» կատարումը։
1987 թվականի սկզբին խումբը մասնակցում է «Золотой камертон» մրցույթին՝ ներկայանալով «Три письма» երգով ու դառնալով դափնեկիր։ Դա պրոֆեսիոնալ բեմում առաջին հաջողությունն էր։
1990 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան ամուսնալուծվում է Վլադիմիր Դուբովիցկուց և լքում «Электроклуб»-ը։ Մեկ տարի չանցած՝ Իրինա Ալլեգրովան այդ ժամանակի միակ՝ «Звуковой дорожки» հիթ-շքերթի կողմից հայտարարվում է տարվա լավագույն երգչուհի։
1995 թ-ին Կրեմլի պալատում մեծ հաջողությամբ տեղի է ունենում Ալեգրովայի «Императрица» համերգը։ Նա երկար տարիներ համագործակցում է Իգոր Կրուտոյի հետ՝ ձայնագրելով մի շարք երգեր, որոնք մինչև օրս էլ հիթեր են։
Ալեգրովայի հիթերի տեքստերում տարբեր տարիքի կանայք պատմություններ էին գտնում իրենց կյանքից։ Ահա սա է նրա երգերի երկարաժամկետ ժողովրդականության գաղտնիքը։
Ալեգրովան չի վախենում ստեղծագործական փորձերից ինչպես երաժշտական տարբեր ժանրերում, այնպես էլ դուետներով: Օրինակ, նրա երգը երգչուհի Սլավայի հետ՝ «Առաջին սեր»-ը, եղել է հիթ-շքերթների վերին հորիզոնականներում։
2010 թվականին երգչուհին դարձել է ՌԴ ժողովրդական արտիստուհի։
Իրինա Ալեգրովան այսօր էլ շարունակում է ակտիվ ելույթներ ունենալ և հյուրախաղերով հանդես գալ տարբեր երկրներում։ Իսկ նրա հոբելյանական համերգը տեղի կունենա հունվարի 22-ին Սանկտ Պետերբուրգում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները