Թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգի նշանակությունը Հայաստանի համար. «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»
Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրերս առաջ քաշեց «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» կարգախոսը։Panorama.am-ը էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից փորձեց պարզել, թե ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգը:
«Էներգետիկ առումով խնդիրը ոչ միայն Քարվաճառն է, այլ ողջ Արցախը: Արցախում ՓՀԷԿ-երի արտադրած էլէկտրաէներգիան շատ ավելի էժան էր, քան նույն եղանակով արտադրվում էր Հայաստանում: Այն ներմուծվում էր Հայաստան և դրա հաշվին կարողանում էինք էլէկտրաէներգիայի գինը նվազեցնել: Էներգետիկ առումով մեզ համար Արցախը շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ մենք ունեինք լրացուցիչ էներգիայի քանակ, և գրագետ էներգետիկ քաղաքականության դեպքում կկարողանայինք նաև արտահանել: Էլեկտրաէներգիայի արտահանմամբ զբաղվելու միտումն ու հեռանկարը կար, ինչը ձախողվեց այն պատճառով, որ ամբողջ Արցախի և մասնավարապես Քարվաճառի էներգետիկ հզորությունները նվիրեցինք թուրքերին»,-ասաց Արմեն Մանվելյանը՝ տեղեկացնլով, որ Արցախի հանրապետության 36 ՀԷԿ-երից 30-ը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Նրա խոսքով՝ սովորաբար ՓՀԷԿ-երի արտադրած էներգիան էժան չէ, հատկապես Հայաստանում, որտեղ ամենաէժանը Մեծամորի ատոմակայանի էլեկտրաէներգիան է, իսկ Արցախում՝ հատկապես գարնանը գետերի վարարման ժամանակ զգալի քանակով էլեկտրաէներգիա էր արտադրվում և նրա ներմուծման հաշվին Հայաստանում կարողանում էին բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի գինը նվազեցնել՝ այն համադրելով Հայաստանի հիդրոէլեկտրակայանների և ՋԷԿ-երի ավելի թանկ արտադրված էներգիայի գների հետ և միջինացված կայուն արժեքը պահելով:
«Պատերազմից հետո կորուստներն ահռելի են: Արցախը ոչ միայն էներգետիկ, այլ ընդհանրապես տնտեսական առումով կաևոր նշանակություն ունի Հայաստանի հանրապետության համար»,-ասաց Արմեն Մանվելյանը և հավելեց. «Արցախից ստացված էլէկտրաէներգիայի հաշվին Հայաստանն այն արտահանելով կկարողանար մեր ողջ էներգետիկան զարգացնել, հիմա մենք զրկված ենք դրանից՝ և՛ արտահանման հնարավորություն չունենք, և՛ համապատասխան եկամուտները չեն լինի: Արցախի այդ հնարավորության վերականգնումն անհրաժեշտություն է մեր համար»:
Զրուցեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք». Գյուղատնտեսի հիմնավորումները
- Վարդան Ոսկանյան. Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը