Ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացեք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ.ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյան
«Դահլիճում նստած է Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամը և քանի անգամ ասել եմ՝ պատմության հետ զգույշ եղեք: Սիմոն Աչիգյոզյանը 1991 թվականի ապրիլի 30-ին զոհվել է Մարտունաշենում, շարականը շուրթերին չի զոհվել, այլ երգել է հայտնի հեղափոխական երգ. «Դաշնակցական խումբ, գնանք մենք Սասուն, մեր քույր-եղբայրներ մեզ են սպասում»,-խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՀՌՀ հանձնաժողովի անդամի ՔՊ թեկնածու Արթուր Մանուկյանի հատարարությանը, թե ՀՅԴ անդամ, ազատամարտիկ և երգիչ Սիմոն Աչիգյոզյանը զոհվել է շարական երգելիս:
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն ընդունեց, որ հայրենասիրական երգ է երգել և բացատրեց, որ գիտեր Աչիգյոզյանի շարականներ երգելու մասին, դրա համար էլ, իմանալով, որ նա երգելով է զոհվել, կարծել է, թե շարական է երգել:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ արդեն երկրորդ օրն է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թեկնածուների ելույթներն է լսում և որպես ոլորտում աշխատող մարդ, մտածում է, թե ինչ կապ ունի հանձնաժողովն այդ ելույթների հետ և նշեց, որ այդ ելույթները կարող է գնահատել, որպես թեկնածուների հետ քննարկում, սեմինար:
«Դուք ասում եք, որ կգնաք գործի կսովորեք, բայց դուք ԱԺ պատգամավոր եք եղել, օրենքի նախագծի մշակման եք մասնակցել»,-նկատեց Մանուկյանը և Արթուր Մանուկյանին թեմայից դուրս հարց տվեց. «Էլի այն կարծիքին եք, որ գերիների վերադարձի հարցում ՌԴ-ին ու Պուտինին պետք է դիմել, քանի որ նրանք են պատասխանատու, թե այդ կարծիքը փոխել եք մի քանի ամիս պատգամավոր չեղած ժամանակ»:
Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր՝ գերի չէր բերել և լրագրողը իրեն հարցրել է գերիներին ինչու չեն բերել և ինքը էլ պատասխանել է, որ սխալ տեղ է հարց տալիս՝ հավելելով, որ գեներալը պետական մարդ է և հրաման է կատարում:
«Քիչ առաջ ասացիք՝ ինձ դեմ կքվեարկեք, քանի որ դաշնակցական եք: Արտագաղթի դեմ ձեր հոլովակը, որում խաղում էիք, դրա համար որպես դաշնակցական կքվեարկեի ձեր համար, բայց այսքան խոսելուց հետո, երբ որ վերհիշում եմ Յոժի հետ հոլովակը, դրա համար չէի քվեարկի, բայց ամենկարևորը, թե ինչու չէի քվեարկի որպես դաշնակցական այն է, որ 2020 թվականից հետո, այս մեկ տարվա մեջ, նաև ձեր խոսքում երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա»,-ՀՌՀ թեկնածուին դիմեց Գեղամ Մանուկյանը
Արթուր Մանուկյանը հայտնեց, որ Գեղամ Մանուկյանն իրեն 30 տարի է ճանաչում է և լավ գիտի, որ ցավում է:
«Ես կարծում եմ, որ ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացենք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ, որ դուք հասկանաք, թե ես ցավում եմ, թե ոչ»,-արձագանքեց Արթուր Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանն իրեն համեստ մարդ է համարում և չպատասխանեց Լիլիթ Գալստյանի հարցին
- Օրենքի կիրառումն որքանո՞վ կնվազեցնի կազինո գնացողների թիվը. Գեղամ Նազարյան