Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պաշտոնյային․ ՄԻՊ թեկնածու․
«Վիրավորանքը քրեականացնող հայտնի հոդվածը չի վերաբերում միայն հայհոյանքին, այլ վիրավորանքի այլ դրսևորումների մասին էլ է խնդիրը»,- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և, կարևորելով իրավական որոշակիության խնդիրը, հետաքրքրվեց, թե արդյոք նա հետևողական է լինելու ՍԴ Արման Թաթոյանի ներկայացրած դիմումի հարցով:
ՄԻՊ թեկնածուն, նկատելով՝ բոլորն էլ ընդունում են, որ վիրավորանքը պետք է պատժվի, առաջարկեց սպասել ՍԴ որոշմանը:
Շեշտելով, որ պաշտոնական անձանց խոսույթով որոշակի սպառնալիքներ են ստեղծվում սահմանամերձ հատվածներում և այլ տարածքներում ապրող ՀՀ քաղաքացիների համար՝ Մինասյանը հարցրեց, թե Քրիստիննե Գրիգորյանը ի՞նչ պետք է անի, որպեսզի պաշտոնյաները զուսպ լինեն հայտարարությունների մեջ և չվտանգեն ՀՀ քաղաքացիների կյանքը:
«Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, ապա անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պետական, տեղական ինքնակառավարման և տարածքային պաշտոնատար անձանց»,- ասաց ՄԻՊ թեկնածուն:
Նա նշեց, որ պաշտպանի նպատակը միայն խախտումը ֆիքսելը չէ, այլ խախտումը վերականգնելն ու շտկելը, բայց և անմիջապես նկատեց, որ եթե հնարավոր չէ շտկել՝ վերջին հաշվով մնում է միայն հայտարարությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը նաև հարցրեց, որ եթե ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, ինչքանո՞վ է երաշխավորված, որ նրա գործողությունները զերծ կլինեն քաղաքական դրսևորումներից:
ՄԻՊ թեկնածուն տեղեկացրեց, որ ոստիկանության բարեփոխումներով պետք է ձևավորվի քաղաքացիական կառույց՝ նախարարություն, որին էլ պետք է ենթարկվի ոստիկանությունը և պնդեց, որ քաղաքացիական նախարարությունը լինելու է քաղաքական անկախության, մարդու իրավունքների պաշտպանության և խորհրդարանական վերահսկողության երաշխիք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան