Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնությունում: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը հավասար միավորներով կիսում էին առաջատարությունը, բայց վերջին տուրում մրցեցին միմյանց դեմ, ու պարտիան ավարտվեց Մկրտչյանի հաղթանակով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ-ից:
Այս հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանը 7 միավորով միանձնյա գլխավորեց կանանց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակն ու առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը՝ ընդգրկվելով հավաքականի կազմում:
Հայաստանի նախորդ տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակեց Մարիա Գևորգյանը:
Ինչ վերաբերում է տղամարդկանց առաջնությանը, ապա մեկօրյա դադարից հետո այն վերսկսվել է, սակայն առանց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի: Վերջինս հիվանդացել է քովիդով. «Ցավով եմ հայտնում, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով ստիպված եմ դադարեցնել ելույթս Հայաստանի առաջնությունում: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար: Հո՛գ տարեք ձեր մասին ու մնացե՛ք ապահով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է շախմատիստը:
Տիգրան Հարությունյանի դեմ պարտիան չի կայացել, ու հաղթանակը տրվել է մրցակցին: Անդրիասյանը վեց տուրում վաստակել էր 3,5 միավոր:
Այս պահին տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը Մանուել Պետրոսյանն է, որն 8 տուրից հետո 6,5 միավոր ունի իր ակտիվում և դեռևս ոչ մի պարտություն չի կրել. 8-րդ տուրում նա հաղթանակ է տարել Արման Փաշիկյանի նկատմամբ:
Շանթ Սարգսյանն այս տուրում առավելության է հասել Դավիթ Շահինյանի նկատմամբ և 5,5 միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի հետ և 5 միավոր ունի իր ակտիվում: