ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի. Լիլիթ Գալստյան
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի՝ մեկն իր ստորագրությամբ թղթային տարբերակով զետեղված ԱԺ կայքում, մյուսն աշխատանքային գրքույկի քաղվածքը, էլի ներկայացված ԱԺ կայքում: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Թղթային տարբերակում նշվում է՝ 1996-2002 թվականներին աշխատել է հեռուստաընկերությունում, երբ որ այդ ժամանակահատվածում գրանցված է եղել Քանաքեռ- Զեյթուն զբաղվածության կենտրոնում որպես գործազուրկ, գործազրկության նպաստ է ստացել:
Այնուհետև՝ իբրև այլ հեռուստաընկերություններում է աշխատել 2003-2007 թթ: Աշխատանքային գրքույկում նշվում է, որ «Առլեքս» ՍՊԸ-ում որպես մասնագետ է աշխատել: Այն իրավաբական ծառայություններ մատուցող ընկերություն է, այնտեղ որպես մասնագետ է աշխատել, իհարկե, իրավաբանական կրթություն չունի»,- կենսագրություններում տարբերությունները ներկայացրեց Լ. Գալստյանը:
Նրա գնահատմամբ, ցնցող դիսոնանս է, և ԱԺ կայքում զետեղել հակասություններով կենսագրություններ՝ աշխատանքային գրքույկի քաղվածք և թղթային տարբերակով, անթույլատրելի է, որը քաղաքական մեծամասնությունը թույլ է տալիս:
«Ուղղակի պետք է լինել ազնիվ, պարկեշտ: Միգուցե ֆոնային պատկերը էին ստեղծում, որպես հիմնավորում, որ արդար է նրա գնալը ՀՌՀ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե քանի օր տեղ է աշխատել, նպաստ է ստացել, այլ քաղաքական բարոյականության դաշտում է, զեղծարարության և ոչ ճիշտ տեղեկություններ փոխանցելու մասին է:
Հարցին՝ թե ինչո՞ւ է մեծամասնությունը ներկայացրել Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Լ. Գալստյանը պատասխանեց. «Սեփական թիմից այն կողմ չեն տեսնում, երևի վստահելի մարդուն, թիմակցին ինչ որ մի տեղ տեղավորելու համար»:
Նա նշեց, որ իրենց համար Ա. Մանուկյանն ընդունելի թեկնածու չէ, բարոյական լեգիտիմություն չունի մի մարդ, որը կեղծում է սեփական կենսագրությունը: Լ.Գալստյանի խոսքով, նաև համոզիչ չէր իր ելույթում, բացարձակապես ոլորտի մասին պատկերացում չունի, չի համապատասխանում ՀՌՀ՝ սահմանադրական կարգավորող մարմնի անդամի պահանջներին:
Հարակից հրապարակումներ`
- Ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացեք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ.ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյան
- 3 տարի պետբյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթը զարգացնելուն, այլ կառավարության արածն ու չարածը քարոզելուն. Գեղամ Մանուկյան
- ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանն իրեն համեստ մարդ է համարում և չպատասխանեց Լիլիթ Գալստյանի հարցին