«Եկեք ես էլ ձեր քաղաքական ուժին մեղադրեմ «Կարգին սերիալ» ստեղծողին քաղաքապետ դարձնելու համար»
«Դուք լավ գիտակցում եք, որ «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախագծի շրջանակներում ձեր իրականացրած փերֆորմանսները, ցավոք, ավելի շատ դիտումներ ունեն, քան բուն ձեր արվեստը, ինչը բոլորիս ողբերգությունն է»,- դիմելով ՀՌՀ հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նկատեց, որ երբ թեկնածուն խոսում է հեռուստատեսության բովանդակության որակից, բոլորը պետք է հիշեն, թե ինչ է նա ստեղծել:
Մամիջանյանը Մանուկյանին խորհուրդ տվեց ՀՌՀ-ի անդամի պաշտոնում երկար ժամանակով պաշտոնավարման ակնկալիք չունենա, քանի որ ինչպես ՔՊ պատգամավորն է ժամանակին ասել՝ մշակույթն Արթուր Մանուկյանի մեջ է, իսկ իշխող խմբակցությունն ավանդույթ ունի՝ բոլոր նրանց, ում այդ բնորոշումն է տալիս, նրանք հետագայում հայտնվում են դեսպանի պաշտոնում:
Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ սիթքոմերը քննադատող ելույթին՝ Մամիջանյանն ասաց. «Դուք փորձում էիք մեղադրել ինչ-որ անձանց, որ եթեր են հեռարձակել սիթքոմը, եկեք ես էլ ձեր քաղաքական ուժին մեղադրեմ «Կարգին սերիալ» ստեղծողին քաղաքապետ դարձնելու համար»:
Ընդդիմադիր պատգամավոր շեշտեց, որ այդ նշանակմամբ վնասը երկրին և քաղաքին անհամեմատելի է:
Հայկ Մամիջանյանը հիշեց, որ ԱԺ նախագահի խորհրդականներից մեկը մասնակցել էր «Հայելի» ակումբի վրա ավազակային հարձակմանը, իսկ լրագրողի վրա բռունցքներով հարձակվող Հակոբ Արշակյանին ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխխոսնակ, և այսօր իշխանական պատգամավորները հայտարարում են, թե ընդդիմության կողմից ՀՌՀ թեկնածու առաջադրված Ռուբեն Հակոբյանը ժամանակին կոնֆլիկտ է ունեցել լրագրողի հետ:
Իր ելույթում լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանած ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գործունեությունը ներկայացնելիս՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեց, թե ինչպես էր նա ապրիլյան պատերազմի օրերին սուտ լուրեր տարածում Յուրի Խաչատուրովի վերաբերյալ և հիշեցրեց նաև Perfect TV-ի լուրերը:
Մամիջանյանը տեղեկացրեց՝ որոշ լրագրողներ հայտնել են, որ այլևս հարցազրույց չեն վերցնի Ալեքսանյանից:
Նկատելով, որ ՀՌՀ թեկնածուներ Արթուր Մանուկյանը և Հակոբ Մովսեսը խոսում եին սերունդների դաստիարակությունից՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հայտարարեց. «Եթե մենք ուզում ենք, որ գալիք սերունդներն ավելի ազգակենտրոն, ավելի պետականամետ, ավելի ճիշտ դաստիարակություն ստանան, դրա համար կա շատ պարզ լուծում՝ եթեր թույլ չտալ ատելության խոսքով, գռեհիկ բառապաշարով իշխանության եկած, ավելին՝ քաղաքականություն այդ բառապաշարը բերած, շատ հաճախ ազգակործան, իսկ վերջերս նաև, պարզվեց, ուղղակիորեն Ադրբեջանի բանակցային թեզերը Հանրային հեռուստաընկերության փրայմ թայմով հնչեցնող Նիկոլ Փաշինյանին: Այդ պարագայում մենք սերունդների դաստիարակության տեսանկյունից շատ ավելի մեծ գործ արած կլինենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության վերաբերյալ դատարանի որոշման ջատագովը ձեր Սասուն Խաչատրյանի հայրն է. Վարդևանյան
- «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում․ Ագնեսա Խամոյան
- 3 տարի պետբյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթը զարգացնելուն, այլ կառավարության արածն ու չարածը քարոզելուն. Գեղամ Մանուկյան
- Օրենքի կիրառումն որքանո՞վ կնվազեցնի կազինո գնացողների թիվը. Գեղամ Նազարյան