ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ակտիվորեն ներգրավված է գերիների վերադարձի խնդրի լուծման գործում
Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և դրա հետագա սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում՝ ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում նախարար Սերգեյ Լավրովին ուղղված գրավոր հարցերի պատասխանում:
Հարցերից և պատասխաններից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Հարց. Ինչպե՞ս եք տեսնում Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են: Եթե գնում ենք դեպի խաղաղություն, ինչո՞ւ գերիների հարց կա, ինչո՞ւ թշնամանքը չի դադարում։
Պատասխան. Մենք կողմնակից ենք, որ յուրաքանչյուրը, որը ցանկանում է միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապահովելով կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում, չպետք է գործի զրոյական գումարի խաղի սկզբունքով, այլ ելնի կողմերի շահերից և հաշվի առնի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները։
Հարց. Ղազախստանում վերջին միջադեպերի հետ կապված, որոնք վտանգ են ներկայացնում այս երկրի պետականությանը, ՀԱՊԿ-ը մի քանի ժամվա ընթացքում խաղաղապահ ուժեր ուղարկեց՝ օգնելու վերականգնել և պահպանել պետական կարգը, սակայն արդեն մի քանի ամիս է՝ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանակից շրջաններում իրավիճակը մնացել է ծայրահեղ լարված, հաճախ են գրանցվում զոհեր, ադրբեջանցիները Հայաստանի տարածքում շինարարություն են անում, ճանապարհներ բացում։ Այս ամենի հետ մեկտեղ մի քանի տասնյակ հայ գերիներ դեռ պահվում են ադրբեջանական բանտերում։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահը ողջ աշխարհին վստահեցնում է, որ իրավիճակը կայունացել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Խնդրում եմ ասել, թե որքա՞ն կտևի սա:
Պատասխան. Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ զենքի կիրառման միջադեպեր են գրանցվում, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը՝ հետագա սահմանազատման հեռանկարով։ Մենք պատրաստ ենք այս գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին։
Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերեվարված, 127-ը՝ հայ, 19-ը՝ ադրբեջանցի։