Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
Առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։
Բացի SmartGateVC-ից, և հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաև Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։
«Այսօր շատ կարևոր օր է մեր թիմի համար։ Անչափ ուրախ եմ տեղեկացնել, որ մենք ներգրավել ենք $2մլն ներդրում։ Սա հնարավոր դարձավ մեր հրաշալի և տաղանդավոր թիմի շնորհիվ, ովքեր միավորվեցին մի մեծ գաղափարի շուրջ, և այդ գաղափարը այս աշխարհն ավելի հոգատարը դարձնելն է։ Սա ևս մեկ ապացույց է, որ քրտնաջան աշխատանքը, անսահման մեծ նվիրումը չեն կարող անարդյունք մնալ, և չկա նպատակ, որին անհնար է հասնել»,-ֆեյսբուքյան իր էջում ձեռքբերման մասին հայտնել է Ռոբին ռոբոտի համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։
Հիմնվելով 2019 թվականին Expper Technologies-ի թիմը ստեղծում է գերժամանակակից նորամուծություն՝ Ռոբին ռոբոտին։ Ընկերության նպատակն է լրացնել բժշկական հաստատություններում ավելի քան 30 միլիոն խնամք մատուցող մասնագետների պակասն ամբողջ աշխարհում։
Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը, բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։
«Expper-ը ոլորտում առաջատար ընկերություն է, որը ստեղծում է խնամք մատուցող ռոբոտներ՝ համադրելով արհեստական բանականությունը, պացիենտի մոնիտորինգային համակարգն ու ռոբոտաշինությունը։ Ռոբին ռոբոտը կդառնա բժշկական հաստատությունների համար համակարգային գործիք, թույլ կտա բարելավել բուժման ընթացքն ու պացիենտների փորձառությունը, ինչպես նաև կնպաստի բժշկական մասնագետների աշխատանքային արդյունավետության ու անվտանգության բարձրացմանը»,- նշում է Starta Capital-ի գլխավոր ներդրող Ալեքսեյ Գիրինը։
«Ընկերության հիմնադիրները կարողացել են համախմբել բացառիկ հմտություններով մասնագետների մեկ գաղափարի շուրջ։ Վստահ եմ, որ իրենց կողմից ստեղծվող տեխնոլոգիաները մեծ փոփոխություն են բերելու համաշխարհային առողջապահության ոլորտում։ Մենք շատ ուրախ ենք միանալ այս ներդրումային փուլին և մեր փորձառությամբ օգնել ավելի մեծ ձեռքբերումներ գրանցել»,- նշում է Healthcare Equity Angels ներդրումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Թոփջյանը։
Ռոբինի ներկայիս տեխնոլոգիան ապահովում է սոցիալական աջակցություն և պացիենտների մոնիտորինգ: Ֆինանսավորումից ստացված հասույթը կօգտագործվի Ռոբինի տեխնոլոգիայի առաջխաղացման, ինչպես նաև թիմի ընդլայնման համար։
«Մենք ուրախ ենք ողջունել մեր ներդրողներին մեզ հետ կիսելու այս կարևոր ճանապարհը: Ներդրված ֆինանսները մեզ թույլ կտան շարունակել իրականացնել մեր առաքելությունը՝ որակյալ խնամքը հասանելի դարձնելու բոլորին և շուկա բերելու նոր սերնդի խնամող ռոբոտներ»,- նշել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը։
Նա մանրամասնում է, որ այս ներդրումների միջոցով պատրաստվում են կրկնապատկել թիմը, մեծ քանակով նոր ռոբոտեր ստեղծել և տասնյակ հազարավոր նոր ժպիտներ պարգևել երեխաներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ներդրողներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում մեզ հետ են։ Ռոբինը ստեղծվել է Հայաստանում, զարգանալու է Հայաստանում և ապացուցելու է, որ Հայաստանում կարելի է ստեղծել չափազանց բարդ պրոդուկտներ, որոնք կօգնեն մարդկանց ամբողջ աշխարհու»,-ասել է Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան