Հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են. Սեյրան Օհանյան
«Ի՞նչ է նշանակում զորքերի հայելային հետքաշում: Որտե՞ղ՝ ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, հակառակորդը պետք է միակողմանի հետ քաշվի ՀՀ այն հատվածներից, որտեղ մխրճվել է: Ս. Օհանյանի խոսքով, հայկական կողմն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնի:
«ԱԺ-ում ԱԳ նախարարն ասում է՝ ՀԱՊԿ-ի հետ քաղաքական գործընթացներ ենք սկսել: Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր՝ մենք բանակցում ենք ՀԱՊԿ բոլոր երկրների քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի, նաև աշխատում ենք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ, որ ստիպենք Ադրբեջանին հետ քաշվել: Դա է մեր այսօրվա աշխատանքը, եթե չստիպենք հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու գործադրելու ՀԱՊԿ-ի ռազմական կոմպոնենտը Հայաստանի զինված ուժերի հետ մեկտեղ»,- ասաց Ս. Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ սահմանագծման և սահմանազատման խնդիրները լուծելու համար հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարություններից խառը հանձնաժողով, որն աշխատանքներ տանի ճշգրտումներն իրականացնելու համար. «Ադրբեջանը հիմա մեր համար հարևա՞նն է իր հոխորտանքներով, երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, սադրանքներով, լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունը:
Միայն լիարժեք, խորաթափանց քննարկումից հետո կարելի է որոշել, թե որտեղ ինչպես պետք է անցի սահմանը, իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են»:
Նրա կարծիքով, Ադրբեջանը երբևէ չի համաձայնվի հայելային հետքաշմանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, նրանք հանցագործություն են իրականացրել ՀՀ և ԱՀ հանդեպ:
Խոսելով ՀԱՊԿ գործունեության մասին, Ս. Օհանյանն ասաց, որ մինչև 44-օրյա պատերազմը, նույնիսկ ամոթ էր միանգամից դիմել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին, շփման գծում սադրանքների դեպքում, քանի որ Հայաստանի Զինված ուժերն ի վիճակի էին իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել ու իրականացրել են հստակ:
«Այլ իրավիճակ է հիմա: Ակնհայտ է, որ միայնակ քո անվտանգության խնդիրները չես կարող լուծել, պետք է այդ դեպքում լուրջ բանակցել նաև ՀԱՊԿ շրջանակում»,- ասաց Ս. Օհանյանը:
Սեյրան Օհանյանը տեսականորեն հնարավոր է համար Հադրութի ու Շուշիի վերադարձը, Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների վերականգնումը Շուշիում, Հադրութում, մասամբ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում:
«Այդ ամենն իրականացնելու համար լծակներ ունի քաղաքական մեծամասնությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ նրա, մեխանիզմը բանակցություններ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդային Միության տարիների քարտեզով պետք է զորքերը հայելային հետ քաշվեն.Արմեն Գրիգորյան
- Ալվիան Աղաբաբյան. «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով
- Զորքերի հայելային հետքաշման հիմքում դրվել են խորհրդային սահմանները. Արարատ Միրզոյան
- Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան
- ՀՀ ԱԳՆ՝ սահմանագծից զորքերի հայելային հետքաշման գաղափարը սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում է. Թաթոյան
- Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկին. ԱԳՆ