Ամբողջ ազգին կոչ անենք ՍԻԼ ջուր խմե՞ն, որ դուք Թուրքիային նորից մեր գլխին չբերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
«Այս քառօրյան այսօր կավարտվի, բայց կենսական հարցերի շուրջ մներ քննարկումները հեռու են բավարար լինելուց»,-խորհրդարանում իր ելույթում նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և շեշտեց, որ Հայաստանում այսօր ավելի խորացող անվտանգային ճգնաժամ է, քաղաքացիներն ավելի անպաշտպան են դարձել, իսկ արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել:
Նրա խոսքով տարվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի գները թանկանում են և բարոյահոգեբանական ճգնաժամ է տիրում, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը հայտարարում է Սյունիքի և Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին:
«Այդ մասին Ադրբեջանը հայտարարում է, ոչ մեկ անգամ, պարբերաբար և սրանով ջախջախում է բոլոր հայ անհատների, քաղաքական ուժերի հիմնասյունը, որոնք պնդում էին, որ Արցախում հողերը հանձնելով հնարավոր է խաղաղ ապրել»,-ասաց պատգամավորը:
Նա նակտեց, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության երաշխիք չէ և պարզաբանեց. «Դրանով Բաքուն ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև բոլոր նպատակներիս դեռ չեմ հասել»:
Նկատելով, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում բոլոր երկրների ղեկավարները գիտեն իրենց անելիքները և գծում են սեփական երկրի կարմիր գծերը՝ պատգամավոր շեշտեց, որ այս իրավիճակում Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթաց:
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Թուրքիայի հետ բանակցությունների սեղանին նստողները բավարարել են Անկարայի նախապայմանները, ինչի մասին է խոսում Հայոց ցեղասպանության մասին չխոսելու փաստը և բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախ չայցելելը:
Պատգամավորի կարծիքով՝ ներկայում բանակցություններն ընթանում են նոր նախապայմանի՝ Սյունիքի «միջանցքի» շուրջ:
Վարդանյանը եզրակացրեց, որ հայ-թուրքական բանակցությունների սեղանին կա միայն մեկ օրակարագ և այն թյուրքալեզու ժողովուրդներին ցամաքային կապով իրա կապելու օրակարգն է, իսկ խաղաղության գնի մասին հայ հասարակությանը չեն ասում, որպեսզի վերջինս որոշի, թե պատրա՞ստ է արդյոք դրան:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այս իրավիճակում Հայաստանում հայտնվում են իշխող ուժի ներկայացուցիչներ, որոնք ողջ ուժով իրականացնում են այդ գործընթացի լոբբինգը:
Քրիստինե Վարդանյանը դիմեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Պարո՛ն Սուքիասյան, օրինակ դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում, բոլոր այն հարուստների հետ, որոնք չէին ուզում հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ուզում ընդունել իրենց գոյությունը, կարծեմ նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն: Լավ, ի՞նչ անենք, գուցե ամբողջ ազգին կոչ անենք, որ ՍԻԼ ջո՞ւր խմեն, կամ Երևան տոնավաճառից օգտվեն, միայն թե ձեզ խնդրենք, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, դուք գոնե, առնվազն, մեզ դեռ չեք ցեղասպանել»:
Ըստ կին պատգամավորի՝ Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, իսկ այդ իրավիճակում գործող իշխանության վրա հույս դնել չի կարելի:
«Փրկության հույս կա, ամեն ինչ կորած չէ, որովհետև, օրինակ, դուք գիտե՞ք, որ այսօր մեր հայրենիքում ապրում է մի մարդ, ով ամեն օր, ժամը 7-ին իր բնակավայրից նստում է դատարկ «ԳազԷլը», միացնում բոլոր լույսերը, քշում է մեկ ժամ հեռավորության վրա գտնվող մեկ այլ բնակավայր՝ թշնամու կողմից դիտարկվող ճանապարհով, հետո այդ նույն ճանապարհով վերադռանում է և սա նրա համար, որ թշնամուն ցույց տա, որ մեր տարածքում կա շարժ և, որ Հայաստանում մարդիկ շարունակում են բնակվել: Հույս կա՝ որովհետև Տավուշում կան մարդիկ, որոնք իրենց բակում կրակ են անում և հնարավորինս երկար են այդ կրակը պահում, որ թշնամին գյուղը դիտարկելիս տեսնի, որ այնտեղ կյանք կա: Հույս կա, որ Կապան, Սյունիքում ապրող 16 տարեկան աղջիկը, ով մինչև պատերազմը ցանկանում էր տեղափոխվել Երևան, հիմա ասում է,որ Կապանից որևէ տեղ գնալ չի ուզում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Հայաստանի համար կռիվն առջևում է»:
Հարակից հրապարակումներ`
- Ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացեք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ.ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյան
- 3 տարի պետբյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթը զարգացնելուն, այլ կառավարության արածն ու չարածը քարոզելուն. Գեղամ Մանուկյան
- Օրենքի կիրառումն որքանո՞վ կնվազեցնի կազինո գնացողների թիվը. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան