Արման Թաթոյան. Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պարզել ենք, որ այնտեղ պահվել է 402 անձ։ Նրանցից միայն 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց»,-խոսելով հոգեկան խնդիր ունեցողների հարկադիր բուժման մասին՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա մանրամասնեց, մնացած բոլոր պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք այդտեղ գտնվել են սեփական կամարտահայտությամբ ու ստանում են հոժարակամ բուժում։
«Իրականում մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը, մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, մինչդեռ փաստաթղթերից ստացվում է, որ մարդիկ այնտեղ են հոժարակամ»,-ասաց նա։
Թաթոյանի խոսքով, ՄԻՊ գրասնյակի աշխատակիցները ուսումնասիրել են փաստաթղթերն ու վեր հանել լուրջ խնդիր՝ մեկ անձի՝ էականորեն իրարից տարբերվող ստորագրություններ։
«Սա լուրջ կասկածներ, մտահոգվելու տեղիք է տալիս։ Նման խնդիր մենք հայտնաբերել ենք ոչ միայն Սևանի, այլև Վարդենիսի տուն-ինտենատում»,-նշեց Թաթոյանը։
Պաշտպանին մեկ այլ խնդիր էլ է մտահոգել, եղել են կենտրոններ, որոնց տարբեր բաժանմունքների մուտքի դռներ կողպված են, դրանք բացել են միայն անձնակազմի ներկայացուցիչները։
«Սա նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ։ Բացի այդ, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բուժումը կրել ու շարունակում է կրել ձևական բնույթ։ Մարդիկ հաստատության ընդունվելիս չեն ներկայացնում բուժման իրազեկված համաձայնություն, ինչը օրենքի կոպիտ խախտում է»,-ընդգծեց ՄԻՊ-ը։
Թաթոյանը նշեց, այն պահից սկսած, երբ մարդը նշում է, որ չի ցանկանում մնալ հոգեբուժական կազմակերպություններում, ցանկանում է դուրս գալ այդտեղից, անհապաղ պետք է նախաձեռնվի հատուկ դատական ընթացակարգ։
«Ցավոք սրտի, այստեղ ևս ունենք լուրջ խնդիրներ։ Օրենսդրական կարգավորումների պատճառով հաճախ մարդիկ էլ ավելի երկար են մնում կենտրոններում՝ անորոշ պայմաններում և իրենց կամքին հակառակ։ Օրենքով նախատեսված է մեկօրյա ժամկետ դատարանի կողմից վարույթ ընդունելու և հնգօրյա ժամկետ գործը քննելու համար։ Եվ վերջ։ Այդքանով սահմանափակվում է, ոչ մի այլ ժամկետ, ընթացակարգ չկա»,-ասաց Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան