Հայաստանում քոսով տառապող երեխաներ կան
Հայաստանում քոսի դեպքերն ավելացել են: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է հիվանդացության 27 դեպք, որից 7-ը մինչև 18 տարեկանների մոտ։
Նշենք, որ միայն նոյեմբերին գրանցվել է քոսով հիվանդացության 4 դեպք, որից 3-ը` երեխաների մոտ:
Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի հունվար-նոյեմբերին գրանցվել է քոսի 6 դեպք, որից 5-ը մինչև 18 տարեկանների շրջանում։ Ի դեպ, գրանցված 5 դեպքերից 3-ը եղել է 0-2 տարեկան երեխաների մոտ։
Քոսը վարակիչ մակաբուծային հիվանդություն է, որն առաջանում է մաշկի մեջ քոսի տզի (Acarus scabiei, Sarcoptes hominis) ներթափանցման դեպքում։ Քոսով վարակումը տեղի է ունենում հիվանդների, ինչպես նաև նրանց պատկանող սպիտակեղենի կամ անկողնու հետ անմիջական շփման դեպքում (առավել հաճախ միևնույն անկողնում քնելիս, ինչպես նաև բաղնիքներում)։ Երեխաները կարող են վարակվել ընդհանուր խաղալիքներից օգտվելիս։
Վարակումից կարճ ժամանակ անց տզերը ներթափանցում են մաշկի եղջրաշերտի մեջ՝ փորելով քոսային ուղիներ, որտեղ ձվադրում են: 3-4 օր անց զարգանում են թրթուրներ, իսկ 10-14 օր հետո նրանցից ծնվում են հասուն քոսի տզերը, որոնք հաջորդաբար ախտահարում են մաշկի տարբեր մասեր՝ առաջացնելով քորով ուղեկցվող բազմաթիվ ցանավորումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին