Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ,նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի ավերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրյան-խմբ․) երկու խոր կիրճերի մեջտեղում գտնվող Անին, որը 884-1045 թթ․ կառավարվել է Բագրատունիների, 1045-1064 թթ․՝ բյուզանդացիների կողմից, 1064թ․ օգոստոսի 16-ին նվաճվել է սուլթան Ալփարսլանի կողմից և կցվել Սելջուկյան պետության տարածքներին։
Անիում, որը կառուցվել է շուրջ 100հա հողատարածքի վրա և որտեղ պատմության ընթացքում գոյություն են ունեցել բազմաթիվ քաղաքակրթություններ, քրիստոնյաները և մուսուլմանները նախկինում ապրել են կողք-կողքի»,- նշված է հոդվածում։
Աղբյուրը նշում է, որ թուրքական պետական գործակալությունն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որևէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2014 թվականին այդ մասին «Ակոս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ Դրանում ընդգծվել էր, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Անիի մասին ծանուցող բովանդակությամբ ինտերնետային կայք ստեղծելով, խուսափել էր «հայ» բառի գործածումից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները