Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել երկիրը, նույնը թույլ է տրվել նաև դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է կիրակի օրը հրապարակված ԱԳՆ հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտը ԱՄՆ պետական ծառայողներին, որոնք կատարում են ոչ արտակարգ խնդիրներ, թույլ է տվել ցանկության դեպքում հեռանալ: Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտը կարգադրել է Կիևում ամերիկյան դեսպանատան ծառայողների ընտանիքի անդամներին հեռանալ այնտեղից»,- այդ մասին ԱԳՆ խոսնակն ասել է կիրակի օրը ճեպազրույցում՝ պարզաբանելով, որ հրամանը վերաբերում է դեսպանատանը գտնվող ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքների բոլոր անդամներին։
«Մեկնելու թույլտվությունը նշված աշխատակիցներին հնարավորություն է տալիս ցանկության դեպքում հեռանալ։ Այնուամենայնիվ, ընտանիքի անդամներից պահանջվում է լքել երկիրը»,- ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ այդ կարգադրությունների հիմնավորվածության գնահատումը կիրականացվի ոչ ուշ, քան 30 օրից։ Ճեպազրույցում չի նշվել, թե կոնկրետ որ աշխատակիցների և ընտանիքի անդամների մասին է խոսքը։
Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին չմեկնել Ուկրաինա՝ ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքի աճի պատճառով։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտվելով կոմերցիոն թռիչքներից կամ մասնավոր տրանսպորտի այլ ձևերից»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
ԱՄՆ իշխանությունները նախկինում խորհուրդ էին տվել ամերիկացիներին չայցելել Ուկրաինա, այդ թվում՝ երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով։
Ճեպազրույցում հնչած վարկածի համաձայն՝ այդ որոշումներն ընդունվել են որպես նախազգուշական միջոց՝ կապված երկիրը ապակայունացնելու Ռուսաստանի շարունակական փորձերի հետ։ Պետքարտուղարության պաշտոնյաները ասել են, որ չեն կարող նշել Ուկրաինայում գտնվող ամերիկացիների ճշգրիտ թիվը, քանի որ նրանցից չի պահանջվում ԱՄՆ իշխանություններին ծանուցել այդ երկիր իրենց այցերի մասին։
Ճեպազրույցի բանախոսը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լրացնել հատուկ էլեկտրոնային ձևաթուղթ՝ իրենց հետ կապը հեշտացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին